Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե ազատում են հարկերից, այլ վճարում են նրանց փոխարեն (տեսանյութ)

Քաղաքականություն
0139027aa3b853c49659b751a3109341

Պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին՝ Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սահմանամերձ համայնքներին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կփոխանցվի ծառայություն մատուցող ընկերություններին՝ ՀԵՑ, «Գազպրոմ-Հայաստան», «Հայջրմուղ» ընկերություններին: Ըստ Վաչե Տերտերյանի՝ այդպիսով կկարողանան լուծել կոնկրետ կոմունալ խնդիրները, այլ ոչ թե ուղղակի ֆինանսական միջոցները տալ բնակիչներին, որը հնարավոր է նպատակին չծառայի: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ուսանողներին տրամադրվող նպաստները այս օրենքի շրջանակներում չի քննարկվել, քանի որ տվյալ խնդրի լուծման համար կան այլընտրանքային այլ ճանապարհներ: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հետաքրքրում էր, թե ինչու է տարանջատում արվել՝ ադրբեջանական գործողությունների արդյունքում տուժած, վիրավոր բնակիչներին պետք է բժշկական օգնություն տրամադրվի. «Իսկ այդ դեպքում ինչ անեն մյուս բնակիչները, որոնք սթրեսի մեջ են հայտնվել ռազմական գործողությունների արդյունքում»: Պարոն Տերտերյանը պատճառաբանեց՝ եթե սթրեսը կոնկրետ գործողությունների արդյունքում է եղել, ապա դա դեռ կքննարկեն. «Իսկ եթե դա մասսայական հատվածին է վերաբերում, ապա դա այլ խնդիր է, այլ օրենսդրական կարգավորում»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր խոսքում նկատեց, որ Կառավարության այս որոշումը հավակնում է արժանանալ բոլոր պատգամավորների հավանությանը. «Եթե սա ուղղակի կառավարության որոշում լիներ ու վերաբերեր հարկերից ազատմանը, մենք խնդիր չէինք ունենա: Սակայն այստեղ իրավական հակասություն է առաջանում: Չեք կարծում, որ լավ կլիներ, եթե այն օրենքի ուժ ստանար: Եթե խոսքը գնում է, ասենք, մեկ միլիարդ դրամի փոխհատուցմանը, օրենքով դա սահմանենք, այլ ոչ թե ձեւակերպումների հետեւից ընկնենք»: Վաչե Տերտերյանը պատասխանեց՝ ասելով, որ հակասությունը կառաջանար, եթե կառավարության որոշումով սահմանամերձ համայնքներն ազատվեին հարկերից. «Սակայն մենք ընդամենը պարտավորվում ենք վճարել այդ հարկերը»: