Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ պատգամավորներ այս աշխարհից չեն ու տեղյակ չեն՝ ինչ է կատարվում» (տեսանյութ)

Քաղաքականություն
228f4a2d83bc5b15fe8540dfb407e082

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում հանդես եկավ արտահերթ ելույթով՝ տալով քաղաքական գնահատականներ 2015թ. պետական բյուջեի վերաբերյալ մինչ այդ հնչած ելույթներին: Ըստ նրա՝ այն, որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, ինքը չի բացառում. «Սակայն բացառությամբ մեկ-երկու ելույթի, ես չլսեցի, թե ինչպես պետք է այդ խնդիրները լուծենք: Այն, որ ընդդիմությունը պետք է քննադատի ու իշխանությունը աշխատի, դա այդպես է: Սակայն եթե ձեր տրամաբանությամբ գնանք, բյուջե չենք ունենա: Ինչ անուն ասեք՝ այս բյուջեին չտվեցիք: Բյուջեն հստակ ունի սոցիալական ուղղվածություն: Հարց եմ տալիս՝ սա լա՞վ է, թե վատ: Եթե նոր նավթահոր կամ գազի հանք եք գտել, ասեք. պետք չէ ՀՀ-ն Ադրբեջանի հետ համեմատել ու ամբոխահաճո հայտարարություններ անել»: Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ասած ռոմանտիզմին՝ պարոն Շարմազանովը հայտարարեց, որ ավելորդ ռոմանտիզմը խանգարում է ոչ միայն իշխանությանը, այլեւ հասարակությանը. «Մենք կուշտ ենք ռոմանտիզմից»: ԱԺ փոխնախագահի տպավորությամբ՝ շատ պատգամավորներ, դատելով նրանց ելույթներից, այս աշխարհից չեն ու տեղյակ չեն՝ ինչ է կատարվում աշխարհում. «ՀՀ-ն Լյուքսեմբուրգը կամ Շվեյցարիան չէ, որ որեւէ խնդիր չունենա: Իմ ցանկությունները ձերինից ավելի բարձր են: Ես ուզում եմ, որ մեր բնակչության միջին աշխատավարձը լինի հինգ հազար դոլար, ռուսի ասած՝ մեչտած նե վրեդնը: Մի քիչ իրատեսական եղեք: Լավ, բյուջեն մերժում եք, տեղն ի՞նչ եք բերում»: Իսկ խոսելով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթից, երբ նա խոսում էր թշնամիներից ու բարեկամներից, պարոն Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ի համար չկան թշնամիներ. դուք բոլորդ բարեկամներ եք, մենք բոլորս մի նավի անդամներ ենք, ու բոլորս էլ մեր պատասխանատվությունն ունենք ժողովրդի առջեւ: Դրա համար կոչ ենք անում կողմ քվեարկել այս բյուջեին, քանի որ այն իրատեսական է: Ես պրագմատիկ եմ, այլ ոչ թե ռոմանտիկ ու դրա համար եմ խորհուրդ տալիս»: Իսկ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ցանկացած ֆորմատի քննարկումների, այդ թվում՝ ներկայացված ոչ իրատեսական առաջարկների շուրջ: ԱԺ-ն ավարտեց 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Պատգամավորները չորսօրյա ժամկետում կարող են ներկայացնել առաջարկներ: