Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վաղը ականատես ենք լինելու հերթական խայտառակությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
206ca312cd03b23499a8ae64e532ec13

Նոյեմբերի 14-ին ՍԴ-ն կքննի ԵՏՄ պայմանագրի սահմանադրականության հարցը։ Ակնկալել, թե երկրի գերագույն դատարանը բոլոր դրույթները հաշվի կառնի ու ճիշտ որոշում կկայացնի՝ փորձագետները համարում են միամտություն։ «Վաղը ականատես ենք լինելու հերթական խայտառակությանը, այդ պայմանագիրը ՍԴ-ն ճանաչելու է, և հերթական անգամ ՍԴ-ն զգայուն և կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթի վերաբերյալ կայացնելու է հակասահմանադրական որոշում»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաեւ մեր երկրի իրավական, սոցիալական ու ժողովրդավարական նորմերին է դեմ։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ անդամակցության որոշումը պարտադրված է եղել, բայց, միեւնույն է, Սերժ Սարգսյանը իրավունք չուներ բոլորի փոխարեն որոշել. «Այս խայտառակ հակասահմանադրական գործընթացը ներկայացվեց այնպես, իբրև Սերժ Սարգսյանը ընտրություններում ստացել է ընտրողների քվեն, հետևաբար իրավունք ուներ այդ շրջանակներում կնքել պայմանագիրը: ՀՀ սահմանադրությունն ամենևին չի խոսում, որ ՀՀ նախագահը պետք է պարտադրվի և դրա ազդեցության տակ ընդունի որոշումներ թեկուզ իր ստացած մանդատի շրջանակներում»: Քաղաքացիները անդամակցության գործընթացի ու պայմանների մասին իրազեկված չեն։ Շատերը չգիտեն՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ըստ այդ միության պայմանագրի, Հայաստանի գործադիր ու օրենսդիր մարմինների գործառույթների մի մասը կանցնի ԵՏՄ հանձնաժողովին, որը կգտնվի Կրեմլում։ Այս հարցը մտահոգում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ին։ «Մենք ամեն ինչ անելու ենք, որ ՍԴ-ն հաշվի առնի այդ դրույթները, բայց կարա բանի տեղ չդնի ու ընդունի իր որոշումը»,- ասում է ՀԿ անդամ Դանիել Իոաննիսյանը։ Սահմանադրական դատարանին հարցը մանրամասն ու արդար քննելու կոչով նոյեմբերի 14-ին ՀԿ-ն դատարանի դիմաց ցույց կանի։