Անոնիմուսների երթն ավարտվեց առանց միջադեպի (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության ութ քաղաքացի այսօր չկարողացան մասնակցել Անոնիմուսների երթին։ Նրանց ոստիկանությունը բերման էր ենթարկել մինչեւ երթի մեկնարկը՝ իրազեկման ակցիա անելիս։ Ազատության հրապարակից ընթացող խաղաղ երթի մասնակիցներից մեկը եւս հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Նրան բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակում։ Ոստիկաններին դուր չէին գալիս անգլիացի ազնվական Գայ Ֆոքսի դիմակները, որոնք այս օրն ամբողջ աշխարհում օգտագործվում է իբրեւ բողոքի շարժման խորհրդանիշ։ Նրանք պահանջում էին հանել դրանք՝ պատճառաբանությամբ, թե այդպես վախեցնում են անցորդներին։ Արդար կառավարում, ավելի արդար իշխանություն պահանջող Գայ Ֆոքսի դիմակներից բացի երթի մասնակիցները պարզել էին նաեւ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկարները , ովքեր անազատության մեջ են հայտնվել՝ մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 5-ին: Անոնիմուսների երթն ավարտվեց Ազատության հրապարակում, որտեղից էլ մեկնարկել էր։ Այլ միջադեպեր տեղի չունեցան։