Ջերմուկում արջեր են հայտնվել․ ՇՄՆ-ից հորդորում են չմոտենալ ու չլուսանկարել նրանց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում Ջերմուկում հայտնված արջերի մասին մի տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ։ Հիշեցնում ենք, որ վայրի կենդանիների, հատկապես ձագերի հետ գտնվող մայր արջի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։ Հորդորում ենք պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․ Մի՛ մոտեցեք արջերին և մի՛ փորձեք նրանց լուսանկարել կամ տեսանկարահանել մոտ տարածությունից։ Մի՛ կերակրեք կենդանիներին և մի՛ փորձեք գրավել նրանց ուշադրությունը։ Պահպանե՛ք հանգստություն, մի՛ վազեք և մի՛ կատարեք կտրուկ շարժումներ։ Արջի հանդիպելիս դանդաղ հեռացե՛ք՝ կենդանուն թողնելով ազատ տեղաշարժվելու հնարավորություն։ Հատկապես զգո՛ն եղեք ձագերի առկայության դեպքում։ Մայր արջը կարող է ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ պաշտպանելով իր ձագերին։ Մի՛ հավաքվեք կենդանիների շուրջ և մի՛ փակեք նրանց հեռանալու ճանապարհը։ Հիշե՛ք՝ վայրի կենդանիները բնական միջավայրի անբաժանելի մասն են, և նրանց հետ անվտանգ համակեցությունը պահանջում է զգուշավոր ու պատասխանատու վարքագիծ»,- նշված է հաղորդագրության մեջ։