ԵՎՍ 500 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հատուկ նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայք» ակումբի պաշտոնական հայտարարությունը, որով «Լեռնային Արցախը» հանվում էր առաջնությունից: Գործկոմի անդամները միաձայն որոշեցին «Լեռնային Արցախ» թիմին հանել առաջնությունից:
Որոշվեց նաեւ առաջին փուլում անցկացված խաղերի արդյունքները թողնել ուժի մեջ, չկայացած եւ չկայանալիք հանդիպումներում «Լեռնային Արցախ» թիմին գրանցել պարտություն 0:3 հաշվով, իսկ մրցակից թիմերին` հաղթանակ 3:0 հաշվով: Բացի այդ ակումբը տուգանվեց 500 հազար դրամով եւ հաջորդ տարի իրավունք կունենա մասնակցել միայն առաջին խմի առաջնությանը, եթե իհարկե նման ցանկություն ունենա:
Հիշեցնենք, որ մինչ այդ կարգապահական կոմիտեն 550 հազար դրամով տուգանել էր «Լեռնային Արցախին», «Միկայի» հետ խաղի ժամանակ տեղի ունեցած տհաճ պատահարի համար: «Հայք» ակումբը եւ այն ներկայացնող «Լեռնային Արցախը» արդեն լուծարվել են, իսկ ֆուտբոլիստները այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակներ են որոնում: Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչու էին «Լեռնային Արցախի» ղեկավարները հայտարարում, թե ակումբը Հայաստանի առաջնությունից հանում են նրա համար, որպեսզի կարողանան մասնակցել Լեռնային Արցախի առաջնությանը: