«Պարոն Ծառուկյան, Ձեր խոսքը գործ չէ». «Տոնուս»-ից խաբված բնակիչներ (տեսանյութ)
Մոտ 2 ժամ տեւած բանակցություններն այդպես էլ արդյունք չտվեցին։ Սնանկ ճանաչված «Տոնուս» կառուցապատող ընկերության կողմից «Արցախբանկում» գրավադրված բնակարանների ճակատագրի վերաբերյալ բանկի կառավարիչ Կամո Ներսիսյանը հստակ պատասխան չի տվել։ «Խոսում, խոսում քննարկում ենք իրենց տված խոստումները, երդումները, որ տրվել էր, արդյունքում ոչինչ չի արվել»,- ասում է բնակիչներից Զոյա Պետրոսյանը։ Խաբված բնակիչների միակ հույսը բանկի բաժնետերերի հետ հանդիպելն է։ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը պատկանում էր ԲՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին, ով մահացել է: Բնակիչների խոսքերով՝ իրենք հավատացել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այդ իսկ պատճառով էլ գումարները նախապես վճարել են։ «Պարոն Ծառուկյան, Ձեր խոսքը գործ չէ։ Պատգամավոր է եղել Աշոտ Տոնոյանը, նշանակում է՝ դուք պատասխան պետք է տաք նրա արարքների համար, որովհետեւ դուք նրան ընդունել եք կուսակցության շարքերը»,- ասում է Աշոտ Ալիխանյանը։ Ակցիայի մասնակիցներին հատկապես զայրացնում է այն փաստը, որ իշխանությունները բոլորին հրավիրում են Հայաստան՝ ապրելու եւ տուն գնելու համար։ «Դա ի՞նչ է նշականում, եկեք, որ բնակարանները առաջարկենք, գումարները մուծեք, հետո էլ ձեռքներիցդ վերցնենք, ոնց որ 155 բնակիչներին են արել»,- հարց է տալիս Աննա Մկրտչյանը։ Հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, թե իր ամենօրյա զբաղմունքի առարկան է ձախողված կառուցապատողների մեղքով բնակարաններից զրկված քաղաքացիների հոգսը, որոնցից շատերին արդեն անձնապես գիտի։ Իսկ բնակիչները շեշտում են՝ իրենք բնավ ցանկություն չունեն ամեն օր ակցիա անելու. իրենց ցանկությունը մեկն է. «Կառավարությունից էլ, բանկից էլ, բնակիչներն էլ նստեն կլոր սեղանի շուրջ եւ տեսնեն՝ հարցը ոնց են լուծում»։