Սուրիկ Խաչատրյանը միակն է, որն ունի դոկտորի կոչում (տեսանյութ)
Սուրիկ Խաչատրյանը քրեական հեղինակություն համարվող միակ պետական պաշտոնյան չէ, որն աչքի է ընկել ինտելեկտուալ տիտղոսով։ Սակայն միակն է, որն ունի դոկտորի կոչում։ Նա պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր է։ Թաղային հեղինակության կարգավիճակից դեպի գիտության բարձունքները գրոհելու առաջին հաջողված փորձն արել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ 2004-ին նա դարձավ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով։ Նա նաեւ Կենտրոն համայնքի մտավորականների պատվավոր նախագահն է։ Գիտնական դառնալու մյուս հաջողված փորձը ձեռնարկեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Կրթության նախարար Արմեն Աշոտյանը միակն էր, որ տեղյակ էր քաղաքապետի գիտական հոդվածների գոյությունից։ Անցյալ տարվա դեկտեմբերին Տարոն Մարգարյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու դարձավ «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» վերնագրով ատենախոսությամբ։ Պաշտպանության ժամանակ նրա կուսակցական կողմնակիցները տնտեսագիտական համալսարանում խանգարեցին բոլոր լրագրողներին, որպեսզի վերջիններս անձամբ չլսեն, թե ինչպես է քաղաքապետը հոդաբաշխ ասում որեւէ նախադասություն։ Գիտական որեւէ կոչում չունեցող եհղինակությունների մեծ պոտենցիալ ունի Հայաստանի Ազգային Ժողովը։ Սամվել Ալեքսանյանն, օրինակ, 34 տարեկանում ավարտել է գյուղատնտեսական ակադեմիան։ Մանվել Գրիգորյանը արցախյան պատերազմի տարիներին ընդունվել է Ստեփանակերտի իրավաբանական ֆակուլտետը, բայց ավարտել է Երեւանի պետական համալսարանի համանուն ֆակուլտետը։ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն, օրինակ ավարտել է Կիեւի միլիցիայի ակադեմիան։ Մի քանի օր առաջ Մասիսի դատարանի միջանցքում Վերնիսաժի կրակոցների գործով ցուցմունք տալուց հետո իր վրա կրակածի մասին ասում էր՝ եթե ուզենայի, գլխից կխփեի։ Բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել նաեւ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Նա սովորել է տնտեսագիտական համալսարանում եւ ֆիզկուլտուրայի ինստիտուտում։ Մասնագիտությամբ իրավաբան է։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երկու ինստիտուտ է ավարտել խորհրդային տարիներին, գիտական ոչ մի կոչում չունի, բայց մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ է։ Ի դեպ, գիտական որեւէ կոչում չունի նաեւ Սերժ Սարգսյանը։ Նա 8 տարում է ավարտել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։