Հանձնակատարին հանձնված նամակում 17 քաղբանտարկյալի անուն կա. forrights.am
Հոկտեմբերի 5-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նիլս Մուզնիեկսը Երեւանում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախքան հանդիպման մեկնարկը Հանձնակատարին Էրեբունի պլազա հյուրանոցի մոտ դիմավորել են «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով կալանավորված անձանց հարազատները: Նրանք հանձնակատարին նամակ են հանձնել, ինչպես նաեւ ներկայացրել են Հայաստանում քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերն ու քաղաքական հետապնդումները: «Մենք պաստառներով կանգնած էինք, հանձնակատարն ինքը մոտեցավ մեզ, ինքը խնդիրները լսեց եւ ասաց, որ անպայման հետամուտ կլինի: Հանձնակատարը նաեւ ասաց, որ Շահենն ընդհանրապես չպետք է դատապարտվի, քանի որ նա անչափահաս է եւ դիմել է ինքնապաշտպանության: Քանի որ Հայաստանում չկան էն քաղաքական ուժերը, որոնցից ինչ-որ բան կարողանանք ակնկալել, մնում է, որ ապավինենք դրսի ուժերին»,- «ForRights.am»-ին հայտնեց Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը: Հանձնակատարին հանձնված նամակում նշված է եղել 17 քաղբանտարկյալի անուն, այդ թվում նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի եւ Հայկ Կյուրեղյանի անունները: «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը եւս ներկա է եղել հանձնակատարի հետ հանդիպմանը: «Գրության մեջ ներառված է նաեւ Վոլոդյա Ավետիսյանի անունը: Մեծ առումով նրանք ընդհանրացվում են, որովհետեւ նրանք քաղբանտարկյալներ են, մեզ համար երկուսն էլ կարեւոր են, ինչպես նաեւ Հայկ Կյուրեղյանի գործը, ում առաջադրված մեղադրանքներն անհամաչափ են, մանավանդ երկրորդ մեղադրանքը, որը 5-10 տարի ազատազրկում է նախատեսում, դա աննախադեպ է: Դրա համար կարող էին կիրառել տուգանք կամ մի քանի ամսվա ազատազրկում»: Գագիկ Սարուխանյանը եւս մեկ անգամ շեշտեց Հայկ Կյուրեղյանի նկատմամբ կիրառված բռնությունները. «Մենք տեսել ենք նրա կալանավորման պահը, երբ նա հանգիստ մեկնեց ձեռքերը ոստիկաններին եւ նրան տարան: Բայց նրան մեքենայում, ապա եւ մեկուսարանում ծեծել են: Եւ հիմա նրան կարող են դատել մարդասպանին հավասար, երբ որ մարդասպանին արդարացնում են, ասում են ինքնապաշտպանվել է»: Գագիկ Սարուխանյանը «ForRigts.am»-ին ասաց, որ ԵԽ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին խնդիրները ներկայացնելով` իրենք հույս ունեն, որ Եվրոպայի Խորհուրդը ճնշումներ կգործադրի Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում