Փողը ծախսվում է, բայց ինչի՞ համար. Ինչպես են նախարարություններն աշխատում (տեսանյութ)
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր անցկացվեց սեմինար- քննարկում՝ ծրագրային բյուջետավորում թեմայով՝ տրանսպորտի եւ կապի նախարարության բյուջետային ծրագրի օրինակով: Ծրագիրն իրականացվում է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի միջեւ համագործակցությամբ: Սեմինար-քննարկումը վերաբերում էր ինչպես պատգամավորներին, այնպես էլ աշխատակազմի փորձագետներին եւ պատգամավորների օգնականներին: Պատգամավորներից ներկա էին եւ սեմինարը ղեկավարում էին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: ԳՄՀԸ-ի ՀՖԿՀԿ ծրագրի փորձագետ Սուրեն Պողոսյանն իր զեկույցում նշեց՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բոլոր նախարարությունները խուսափում են վերջնական արդյունք ներկայացնել. «Եղած վերջնական արդյունքներն էլ սովորաբար անորակ են, քանի որ անորոշ են, ցուցանիշների թիրախը՝ թիվը, բացակայում է, ժամկետները ներկայացված չեն: Մի հետաքրքիր դիտարկում՝ բյուջետային փաստաթղթերում չկան ցուցանիշները, բայց մասնագիտական թղթերում կան: Կարծում եմ՝ նման իրավիճակի պատճառը պահանջարկի բացակայության խնդիրն է, որը պետք է զարգանա»: Նա խնդրեց՝ իր դիտարկումները որպես քննադատություն չդիտարկել, այլ կառուցողական պլատֆորմ: Ըստ փորձագետի՝ բոլոր նախարարություններում խնդիրները նույնն են. «Օրինակ՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում ցուցանիշների ներկայացման առումով վիճակը բավականին վատ է: Քաղաքաշինության նախարարությունում այլ տիպի խնդիր կա՝ նախարարությունը կապիտալ ծախսերի իրականացման մարմին է, սակայն վերջնական արդյունքի համար պատասխանատու չէ: Նախարարությունները բյուջետային գլխավոր կարգադրիչներն են, սակայն մեր երկրում խնդիրն այն է, որ չկա տարանջատում՝ գումար վերցնողի եւ կատարողի միջեւ. ծրագիրը պետք է գնի մի նախարարություն, վերջնական արդյունք ցույց տա՝ մեկ ուրիշը»: Ինչ վերաբերում է Ֆինանսների նախարարությանը, ապա Սուրեն Պողոսյանն իրենց ուսումնասիրությունների ադյունքում այնպիսի տպավորություն է ստացել, որ փողը ծախսվում է, բայց թե ինչի համար է այն ծախսվում, անհասկանալի է. նշված չէ: Իսկ Տրանսպորտի նախարարության առումով նա մի դիտողություն արեց՝ ճանապարհների անվտանգության հարցը, ըստ նրա, կարելի էր առանձին բաղադրիչով ներկայացնել. «Լիներ առանձին ենթածրագիր՝ ներառելով արագաչափերը, գծանշումները եւ անվտանգության այլ բաղադրիչներ: Այդ պարագայում հետազոտողները կկարողանային տեսնել՝ որքան գումար է ծախսվում ու որքան կյանք է այն փրկում: Ես այդ համակարգվածությունը չեմ տեսել: Իսկ ոստիկանությունը միայն մոնիթորինգ է իրականացնում, այլ ոչ թե հետազոտություն»: Փորձագետը խնդիր է տեսել Երեւան քաղաքի հետ կապված, որը նախարարության բոլոր ծրագրերում առանձնացված է. «Ծրագիրը տրոհված է մի քանի պատասխանատուների միջեւ: Ինչո՞ւ է Երեւանն առանձնացվել, ինչո՞վ են նրա ենթակառուցվածքները տարբերվում, ասենք, մարզերի ճանապարհներից: Մայրաքաղաքի Թումանյան փողոցը երկու տարի մեկ անգամ անիմաստ վերանորոգվում է, մինչդեռ մարզերում խնդիր ունենք»: