Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«է, չխաբվեիր, աղջիկ ջան»

Քաղաքականություն
ghghg

Սահմանադրական փոփոխությունների պահանջն առաջացել է ոչ թե հասարակության մեջ, այլ Բաղրամյան 26-ում: «Սահմանադրական փոփոխություններ. նոր մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ այսօր նշեց «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա` այսօր Հայաստանի առջեւ կանգնած ամենալուրջ մարտահրավերն իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական փոփոխություններն են: Նախաձեռնության մեկ այլ անդամ` Դավիթ Հովհաննիսյանի խոսքերով` այս փոփոխությունները Սերժ Սարգսյանի համար կենաց-մահու խնդիր են: Քննարկմանն այսօր մասնակցում էին ինչպես տարբեր կուսակցությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Հարությունյանը կարեւորեց հասարակության յուրաքանչյուր անդամին բացատրելը, բացահայտելը այս բարեփոխումների բուն նպատակը. «Քանի որ մարդիկ ամբողջությամբ չեն պատկերացնում պահի լրջությունը ու ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս բարեփոխումները: Պետք է ուղղակի մարդկանց փողոցում հանդիպել ու բացատրել: Իսկ ճշմարտությունը լսելու համար գլխավոր ստախոսի մոտ չեն գնում, որը Սերժ Սարգսյանն է»: Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր կողմից ավելացրեց` եթե Սերժ Սարգսյանն ունի իրական կամք` ամեն կերպ անցկացնելու սահմանադրական փոփոխությունները, ապա նրա համար միեւնույն կլինի` ինչպես է մտածում, ասենք, Ամասիայի բնակիչը` նա ուզում է, թե ոչ այդ փոփոխությունները. «Եթե անգամ տապալվի իշխանությունների նախաձեռնած այդ բարեփոխումների հանրաքվեն, միեւնույնն է` մեծ հաշվով ոչինչ չի կորցնի. այսօր էլ որպես քաղաքական մեծամասնություն` բոլոր լծակները նրա ձեռքում են: Երբ բոլոր լծակները քո ձեռքին են, դու պարտվելու տարբերակ ունես միայն ներսից, իսկ դա կլինի, եթե նրա թիմի ներսում լինի պայթյուն»: Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե սահմանադրական փոփոխություններով Սերժ Սագսյանը լուծում է իր ժառանգի խնդիրը, որն այսօր չկա, Արգիշտի Կիվիրյանը նկատեց. «Սերժ Սարգսյանն այդքան անգրագետ չէ. նա գիտի, որ դեռ ժամանակ ունի. եթե հիմա հայտարարի ժառանգի մասին, կդառնա անգլիական թագուհի: Եթե նա ուզում է լինել ուժեղ, ապա նա չպետք է այսօր իսկ ժառանգ ունենա: Բռնապետական երկրներում դա աքսիոմա է: Սերժ Սարգսյանի խնդիրն է` ստեղծել իշխանության վերարտադրման բավականին կառավարելի մեխանիզմ: Ի վերջո, ժառանգը կարող է մի օր անաղուհաց գտնվի ու հոշոտի ծնողին, սակայն այս բարեփոխումներով նոմենկլատուրայի իրավիճակ է ստացվում»: Ըստ նրա` ոչ մի կերպ չի կարելի մտնել բովանդակային քննարկումների մեջ` լա՞վ է արդյոք կառավարման խորհրդարանական համակարգը, թե ոչ, որն առաջարկում են իշխանությունները. «Այս պարագայում իշխանությունները շահեկան իրավիճակում են հայտնվում ու հաղթողի կարգավիճակում:Մարդկանց ուղղակի պետք է հանրամատչելի բացատրել, որ ոչ թե կառավարման մոդելի պայքար է գնում, այլ իշխանությունների վերարտադրության խնդիր է լուծվում: Հակառակ դեպքում կհայտնվենք ՀՅԴ կարգավիճակում, որն այսօր պաշտպանում է այդ բարեփոխումները: Իսկ ՀՅԴ-ն մշտապես կհայտնվի այն թեթեւաբարո աղջկա կարգավիճակում, որին միշտ խաբում են: է, չխաբվեիր, աղջիկ ջան»: