Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առեղծվածներ՝ ՄԻԵԴ թեկնածուների փաստաթղթերում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
միեդ

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների փաստաթղթերում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը, անդամ-փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը եւ Տիգրան Եգորյանը: Նրանք դիտարկում են անցկացրել: Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքերով՝ արդարադատության նախարարությունը ապատեղեկատվություն էր տարածում, թե թեկնածուները չէին ցանկանում հրապարակել իրենց անունները: «Դա խոսում է նրա մասին, որ առեղծվածային բան է տեղի ունեցել, եւ թեկնածուների թիվն ավելացել է»,- ասաց նա: Տիգրան Եգորյանն էլ պարզաբանում է՝ 14 թեկնածուներից 3-ը՝ Արմեն Հարությունյանը, Արայիկ Մելքումյանը եւ Նորա Կարապետյանը իրենց փաստաթղթերը ներկայացրել են փոստով, եւ որեւէ փաստաթուղթ չկա, որ այն ներկայացվել է ժամկետի շրջանակներում՝ մինչեւ սեպտեմբերի քսանչորսի աշխատանքային օրվա ավարտը: Այդ իսկ պատճառով էլ տասնմեկ թեկնածուները դարձել են տասնչորս: «Ժամկետի ավարտից հետո է թեկնածուների թիվն ավելացել: Աղաղակող, խայտառակ դեպք է կատարվել եւ ծածուկ, ոչ հրապարակային գործելակերպը պայմանավորում են նրանով, որ թեկնածուներին գրանցել են ժամկետից ուշ»,- ասաց Մուշեղ Շուշանյանը: Իսկ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահն էլ ավելացնում է. «Վերջնաժամկետից հետո փաստաթղթերը ընդունելը հովանավորչության նշան է»: Փաստաբան Տիգրան Եգորյանը կոչ է անում ՄԻԵԴ դատավորի թեկնածուներ Արմեն Հարությունյանին, Արայիկ Մելքումյանին եւ Նորա Կարապետյանին ինքնաբացարկ հայտնել: Իսկ հարցը հրատապության կարգով, ասուլիսի բանախոսների խոսքերով, պետք է քննարկի Մրցութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Նրանք համոզված են, որ կարճ ժամանակահատվածում այն կարող է բացահայտվել: