Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՄ-ն նեղացած չէ Հայաստանից»

Քաղաքականություն
ra-eu

Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում Աղվերանում կազմակերպված սեմինար-քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ սկսած դեռևս 2011 թ-ից ակտիվացել է Հայաստան-ԵՄ` հատկապես տնտեսական համագործակցությունը՝ Հայաստանը շարունակում է մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի։ Մինչև տարեվերջ նախատեսված է ընդլայնել այդ ծրագրերի շրջանակը: Փոխնախարարի խոսքերով` վերջին շրջանում բավական շատ քննարկվել է այն հարցը, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո ինչ օրակարգ և ինչ ընթացք են ունենալու Հայաստան-ԵՄ հարաբերությունները. Վստահ ենք, որ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարող ենք շարունակել մեր համագործակցությունը: ԵՄ-ն մեր արտաքին առևտրի կարևոր գործընկերներից մեկն է և այդ առումով կարող ենք շեշտել, որ Հայաստանի համար մեծ ձեռքբերում էր GSP+ ռեժիմը, և այդ ռեժիմին միանալու համար Հայաստանի ներկայացրած հայտը բաղկացած է եղել 1000 էջից: Այդ համակարգին միանալու համար հայտ են ներկայացրել աշխարհի բազմաթիվ երկրներ, բայց հնարավորությունը տրվել է միայն տասին, այդ թվում նաև՝ Հայաստանին և Վրաստանին,- ասաց նա: Այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչ ենք շահելու ՄՄ-ին անդամագրվելով` Մելքոնյանը նաև նշեց, որ չենք կարող ասել, որ միանշանակ շահում ենք կոնկրետ բան, կամ կորցնում մեկ այլ բան: Մելքոնյանը չցանկացավ առհասարակ անդրադառնալ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ լինել-չլինելու հարցին` բավարարվելով միայն հղում կատարել մամուլի հրապարակումներին: Դրա փոխարեն նա նշեց, որ Հայաստանը Վրաստանի հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր, ինչը շատ կարևոր է մեզ համար, քանի որ Վրաստանի հետ համագործակցությունը ունի տարիների պատմություն և գաղտնիք չէ, որ այսօր շատ ապրանքներ արտահանվում է նաև Վրաստան, և ըստ այդմ էլ պետք է էլ ավելի խորացնել այդ համագործակցությունը: Փոխնախարարը նաև ընդգծեց, որ Եվրամիության մեր գործընկերները բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի հետ իր համագործակցությունը` հատկապես որոշ ոլորտներում և ֆինանսական աջակցություն ցուցաբերել` այդ ոլորտների բարեփոխման համար. Հայաստանի համար չկա որևէ սահմանափակում` բարելավելու կամ բարեփոխելու մեր սահմանադրությունը, ներքին տնտեսական վիճակը, բիզնես միջավայրը, դատաիրավական համակարգը և այլն: Մելքոնյանը հակադարձում է նաև այն տեսակետին, որ ՄՄ-ին անդամակցելով` Հայաստանը չի կարողանա պայքարել մոնոպոլիաների կամ օլիգարխիկ հասարակության դեմ, ի տարբերություն ԵՄ-ի ասոցացման համաձայնագրով ընձեռած նման հնարավորությանը: Այդ կապակցությամբ փոխնախարարը նշում է, որ նման հնարավորություն տալիս է նաև ՄՄ-ն, քանի որ նրա օրենսդրության մեջ նման կետ ներառված չէ: Իսկ Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան շեշտեց, որ եթե Հայաստանը վերջնականապես դառնա ԵՏՄ-ի անդամ, ապա պետք է հստակ հասկանալ այն հեռանկարները, թե որ ոլորտներում Հայաստանը կաշկանդված չի լինի` ինքնիշխան որոշումներ կայացնելու. Այո կա հնարավորություն Հայաստանի հետ շարունակելու ոլորտային համագործակցությունը, բայց այն ոլորտներում, որտեղ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել և որով խոչընդոտված չէ Հայաստանի` այլ կառույցին անդամակցելու հանձնառությունները,- նշեց ԵՄ դեսպանը: Վերջինիս հավաստմամբ` ԵՄ-ն ո'չ հիասթափված, և ո'չ էլ նեղացած է Հայաստանից` դեպի ՄՄ նրա ընտրած ուղղությունից։