Վարդան Այվազյանը Տիգրան Սարգսյանի ազգականից դժգոհ է. ուր են շինարարության գումարները (տեսանյութ)
Այսօր թեժ քննարկում տեղի ունեցավ ԱԺ Տնտեսական հանձնաժողովում, որտեղ Վերահսկիչ պալատը ներկայացրեց անցած տարվա իր ուսումնասիրությունները ինչպես տրանսպորտի, այնպես էլ քաղաքաշինության ոլորտներում: Ներկայացվեց, որ դեռ 2006-13թթ. 74 օբյեկտի շինարարության համար կնքվել է 33 մլրդ 33 մլն դրամի պայմանագիր, սակայն այս պահին որեւէ շինարարություն չի ավարտվել։ Հատկապես դպրոցաշինության կամ դպրոցների վերանորոգման համար նախատեսվել էին գումարներ, որոնք Քաղաքաշինության նախարարության հանձնարարությամբ կամ կասեցվել են, կամ նախատեսված գումարները կրկնակի կրճատվել են, արդյունքում՝ շինարարությունը կիսատ է մնացել: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքերով՝ թեեւ ընդհանուր առմամբ գոհ են ուսումնասիրությունների արդյունքներից, սակայն ամեն ինչ չէ, որ այս ոլորտում հարթ է եղել: Մասնավորապես դա վերաբերում է տոկոսադրույքներին, որոնք երբեմն անտրամաբանական են եղել: Ներկայացվեցին նաեւ կոնկրետ օրինակներ, երբ գրեթե նույն գումարով ու տոկոսադրույքով տարբեր արդյունքներ են եղել՝ մի դեպքում որակյալ շինարարություն, մյուս դեպքում՝ ոչ մի նորմալ աշխատանք: Ըստ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի՝ դա մեկ բանի մասին է խոսում՝ չի եղել ոչ մրցակցություն, ոչ էլ եղել է ընդհանրապես մրցույթ: Իշխան Զաքարյանն անկեղծորեն խոստովանեց, որ հանպատրաստից չեն կարող Վարդան Այվազյանի դիտարկմանը պատասխանել, պետք է նորից ուսումնասիրեն: Քննարկմանը ներկա Տրանսպորտի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մերթընդմերթ ընդմիջում էր քննարկումն ու իր դիտողությունները ներկայացնում՝ փորձելով այդպիսով պաշտպանել Քաղաքաշինության նախարարությանը: Ընդհանուր վիճաբանությանը միացավ նաեւ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը; Ըստ նրա տպավորությունների՝ միայն խոսում են բացասականի մասին, ակցենտավորում այն ու աչքաթող անում դրական տեղաշարժերը: Իսկ երբ ելույթով հանդես եկավ Քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի պետ Հրայր Սարգսյանը, Վարդան Այվազյանը բարկացավ: Բանն այն է, որ ԾԻԳ-ի պետը հայտարարեց, որ ինքը նշանակվել է 2012թ. և պատասխանատու է միայն այդ թվից հետո տեղի ունեցած աշխատանքների համար: «Ես ուզում եմ խնդրել Քաղաքաշինության նախարարին՝ այլեւս պաշտոնի այնպիսի նշանակումներ չանեք, որ գան ու ասեն՝ մենք պատասխանատու չենք. թող գան այն մարդիկ, որոնք կարող են լիարժեք պատասխանել հարցերին»,- հայտարարեց Վարդան Այվազյանը: Ի դեպ, Հրայր Սարգսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ազգականն է։