Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՎՊ ուսումնասիրություններում կան քրեական ձեւակերպումներ»

Քաղաքականություն
954e8f1b3946aee148e9c8de9100b412

Կրթության ոլորտում Վերահսկիչ պալատը 2013թ. ուսումնասիրել է հատուկ եւ մասնագիտական կրթության բնագավառներում եղած հատկացումների մասով: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իրենց տարեկան հաշվետվությունը: Ըստ ուսումնասիրության՝ 12 ՊՈԱԿ-ների հատկացվել է 23 մլն հավելյալ միջոց սննդի համար: Առաջարկվել է նախատեսված ֆինանսավորումները նախահաշիվներից պակասեցնել եւ տարեվերջին վերադարձնել պետական բյուջե: «Այս հանգամանքը դիտարկվել է ԿԳ նախարարությունում, ու այդ միջոցառումները իրականացվել են»,- հայտարարեց Իշխան Զաքարյանը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց, որ Իշխան Զաքարյանի ներկայացրած ուսումնասիրություններն ավելին են ասում, քան ինքն անձամբ. «Կան ձեւակերպումներ, որոնք ուղղակի քրեական են: Երբ մենք գործադիրում էինք, ամեն կոպեկի համար արյուն-քրտինք էինք թափում: Հիմա ձեզ մոտ այնպիսի փափուկ արտահայտություններ են գրված, ոնց որ բարեգործություն է անում նախարարությունն ու կառուցողական մոտեցում ցուցաբերում: Ձեր խնդիրը միայն խախտումների բացահայտումն ու գումարները պետական բյուջե հետ վերադարձնելը չէ: Սրանք կատակ գումարներ չեն. գումարներ են դուրս գրվել բյուջեից՝ ուսանող, աշակերտ, ուսուցիչ պահելու համար, մինչդեռ նրանց թիվը չի համապատասխանում իրականությանը: Ըստ ձեզ՝ ստացվում է, գնում եք, ասում՝ ախպեր, էս ի՞նչ մեծ խախտումներ ես արել, արի մուծի: Մոտեցումն այդպիսին չպետք է լիներ: Ես առանց վարանելու այս գործերը կուղարկեի դատախազություն: Այս ամենն իրականում թաքցնում է արտագաղթը»: Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ շատ գործեր արդեն ուղարկվել են դատախազություն. «Մենք առաջին անգամ արել ենք օպերատիվ հսկողություն ու կարողացել ենք համատեղ աշխատելով, վերհանել թերությունները: Սա եզակի դեպք էր, երբ ստուգվող կազմակերպությունը մեզ հետ միասին է աշխատում՝ գտնելու այդ թերությունները: Մենք միշտ ասել ենք, որ կուտակված խնդիրներ ունենք օրենքներում ու կառավարության որոշումներին, արդյունքում այս խախտումները հաճախ հետեւանք են այդ անկատար օրենքների: Սա ընդամենը ահազանգ էր՝ նախարարություն դու ունես խնդիր»: Ինչ վերաբերում է ուսուցիչների ու աշակերտների քանակի հստակեցմանը, ապա պարոն Զաքարյանը նշեց, որ մարզերում համատարած ստուգումներ այդ առումով չեն արել: