«Պետությունը չկալանավորվելու հարկ է սահմանել» (տեսանյութ)
Քրեական օրենսգրքի 205 հոդվածը, իսկ այժմ էլ` Արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունները, նոր դժգոհությունների առիթ են դարձել: Հոդվածով անձը վարչական եւ քրեական պատասխանատվության է ենթարկվում, եթե չարամտորեն խուսափել է հարկեր, տուրքեր վճարելուց: Նախարարությունն այժմ օրենսդրական փոփոխություններով առաջարկում է քաղաքացուն պատասխանատվության ենթարկել` նախազգուշացումից հետո հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում: «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադեւոսյանի կարծիքով` միգուցե օրենքն ու փոփոխությունները տեսականորեն լավն են, սակայն իրավակիրառության մեջ խեղաթյուրվում են: Նա բերում է կոնկրետ օրինակ, երբ կազմակերպությունը կատարել է իր բոլոր պարտավորությունները, սակայն մատակարարումից գումարները չի ստացել, եւ հետեւաբար ուշացնում է հարկեր վճարելը։ Դեռ 2011թ. սկսած պարոն Թադեւոսյանի կազմակերպությունը օրենքի փոփոխության առաջարկներ է բազմիցս ներկայացրել կառավարությանը: Արձագանք չի եղել: Առաջարկներից մեկով տնտեսվարող սուբյեկտին պետք է տուգանել ոչ թե սկսած 2 մլն դրամը գերազանցող հարկի գումար ունենալու, այլ 10 մլն-ի դեպքում: Փայլակ Թադեւոսյանը կրկին օրինակով է բացատրում` կազմակերպությունը 3 տարի հարկային մարմնի կողմից չի ստուգվել ու կուտակել է 2.1 մլն դրամի պարտավորություն, որին հետեւում է քրեական պատասխանատվությունը. «Եթե ամեն տարի գային, նրան ստուգեին, 700 հազար էին առաջադրելու, եւ քրեական վարույթ սկսելու հիմքեր չէր լինի»: Որպես տնտեսվարող սուբյեկտին նախազգուշացում` հարկային մարմինը կարող է ընկալել իր կողմից ուղարկված ցանկացած փաստաթուղթ. «Մեկը կոչվում է իրազեկում ցուցանիշների վերաբերյալ, մյուսն էլ դրա նման մի բան: Մի ծանուցումը կամ իրազեկումը կարող է հիմք լինել Արդարադատության նախարարության այս նախագծի դեպքում, որ նախազգուշացվել է ու կարող է քրեական վարույթ սկսվի»: Օրենքի եւ նախարարության կողմից ներկայացված փոփոխությունների անկատարությունը, ըստ պարոն Թադեւոսյանի, դրսեւորվում է նաեւ դատարանում, երբ 205 հոդվածով գործերը վարույթում շատ են, սակայն քչերին են կարողանում պատասխանատվության ենթարկել: Այս հոդվածով սպառնում են անգամ կալանավորել. «Վճարիր, թե չէ կարող ես կալանավայրում հայտնվել, ինքը ստիպված բերում վճարում է, եթե իր արդարացումը դա է, ուղղակի կարող եք անունը փոխել, ընդհանրապես մի հարկ դնենք ու ասենք` չկալանավորվելու հարկ, այդքանով բյուջեն ապահովենք, բայց դրանից գործարար միջավայրն է վատանում արդյունքում»: Ի դեպ, Ֆինանսների նախարարությունից որեւէ մեկնաբանություն չկարողացանք ստանալ` օրենքի նախագիծը պաշտոնապես չէին ստացել: Արդարադատության նախարարությունն այս պահին զերծ մնաց մեկնաբանություններից` սպասելով բոլոր կողմերի կարծիքների հավաքագրմանը: Նախագիծն ուղարկվել էր նաեւ Փաստաբանների պալատ` քննարկման: Պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը նշեց, որ քննարկումները դեռ ընթացքի մեջ են, ավարտելուն պես` կհրապարակայնացնեն: Մանրամասները՝ տեսանյութով