Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմը ընդդեմը չի». Գալուստ Սահակյանը՝ Արփինե Հովհաննիսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM87425

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել «ԴԱՀԿ մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախագծի հեղինակը ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է: Նա առաջարկում է առանց դատարանի որոշման ԴԱՀԿ կողմից կալանք չդնել քաղաքացիների բանկային հաշիվների վրա: ՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատմեց, որ իր գործընկերներից մեկը, գտնվելով արտասահմանում, տեղեկանում է, որ իր բանկային հաշվի վրա կալանք է դրվել. «Նա վճարել է 5000 դրամ տուգանքը, հետո ՀՀ վերադառնալով՝ նրանից ներողություն են խնդրել՝ ասելով, թե տեխնիկական սխալ է տեղի ունեցել, կներեք տեղի է ունեցել թյուրիմացություն: Այս խայտառակ պրոցեդուրայից քաղաքացուն ազատելու համար սա շատ կարեւոր օրենսդրական փոփոխություն է. եթե արտադատարանական կարգով կալանք է դրվում մարդկանց բանկային հաշիվների վրա, գոնե լինի եղած տուգանքի չափով, այլ ոչ ամբողջ հաշվի վրա»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշեց արձագանքել Նաիրա Զոհրաբյանին՝ ասելով. «Գոնե լավ է մի անգամ մի նախագծի շուրջ այսպես միակարծիք ենք, թե չէ...»: Ապա դիմելով ամբիոնին մոտեցող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ծիծաղելով ասաց. «Նորից խորքերը քանդելով չգաս»: «Էդպես էլ անելու եմ»,- նույն կերպ պատասխանեց Արծվիկ Մինասյանը: Նա եւս այն կարծիքին էր, որ գործող օրենքով խախտվում է քաղաքացու սահմանդրական իրավունքը: Նախագծի հեղինակ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նախ անդրադարձավ երեկ քննարկված «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի շուրջ ծավալված քննարկումներին ու իր ներկայացրած նախագիծը դրվատած ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին. «Քաղաքական ենթատեքստ փնտրելն ու անհրաժեշտությունը պետք են այն ժամանակ, քանի դեռ կա հստակ քաղաքական բովանդակություն, սակայն կան օրինագծեր, որոնք զուտ իրավական կարգավորումներ են ու ենթադրում են դրական լուծումներ: Այս դեպքում ինչի՞ն եք դեմ»: «Համենայնդեպս, այնպես ստացվեց, որ դեմը ընդդեմը չի»,- հերթական անգամ փորձեց կատակել Գալուստ Սահակյանը: