Հայերն ապրում են Ռուսաստանի փողերով (տեսանյութ)
Ցածր գնաճ, զրոյական տնտեսական աճ ու անգամ անկում։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը ցավով նշում է, իր կանխատեսումներն իրականություն են դառնում։ «Կարծում եմ ավելի վատ թվեր կունենանք, եթե նկարչություն չանեն իհարկե։ Բացի այդ, դեռ ոչինչ չեն անում այս իրավիճակից դուրս գալու համար»,- նշում է նա։ Ռուսաստանի տնտեսությունը նույնպես անկում է ապրում։ Պատճառներից մեկը արեւմուտքի պատժամիջոցներն են։ Այս երեւույթը Հայաստանի վրա չէր կարող չանդրադառնալ՝ անհատական տրանսֆերտները ու ներդրումները հիմնականում հենց ՌԴ-ից են գալիս։ Կենտրոնական բանկի տվյալներով էլ այս տարվա հուլիսին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 168 մլն 737 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 11.9 մլն դոլարով պակաս է: Մեր քաղաքացիների այն հատվածը, որը դեռ գումարներ է ստանում Ռուսաստանում աշխատող իրենց հարազատներից վստահեցնում է, որքան էլ այնտեղ վատ լինի, Հայաստանից լավ է: