Տոների հարցում պաշտոնյաներն ընդհանուր հայտարարի չեկան
Որ օրն է ավելի նպատակահարմար նշելու որպես երիտասարդության օր: ԱԺ ՕԵԿ խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ այդ օրը սահմանել մայիսի 7-ը: ԿԳՆ Արմեն Աշոտյանի մոտեցումն այլ է. «Մայիսի 15-ը, կարծում եմ, որպես մայր բուհի հիմնադրման օր, շատ հարմար է, որպեսզի մենք կարողանանք դա ֆիքսենք տոնացույցում»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դեմ էր նախարարի առաջարկին։ Ի դեպ, ԲՀԿ-ն էլ առաջարկել էր իր տարբերակը` երիտասարդության օրը պետք է համընկնի միջազգային որեւէ օրվա հետ։ Արմեն Աշոտյանը սրա հետ էլ համամիտ չէ. «Եթե մարտի 8-ը` միջազգային տոն, մենք մարսեցինք ու դարձրինք մերը, այս մեկի համար ինչքան ժամանակ է պետք, որ մարսենք, դարձնենք ակունքներ չունեցող տոն»: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր որոշվեց այս հարցի քննարկումը հետաձգել` ընդհանուր հայտարարի գալու համար: Բացի այս առաջարկից, հանձնաժողովը մերժեց ՕԵԿ ներկայացրած նաեւ մյուս 2 նախագծերը: Օրինագծերից մեկով խմբակցությունն առաջարկում էր «Մեծահասակների կրթության մասին» օրենքում փոփոխություն անել եւ 35-ից բարձր քաղաքացիներին ոչ միայն մասնագիտական կրթությամբ ապահովել, այլեւ աշխատանքով: Արմեն Աշոտյանն առաջարկեց նորից քննարկել առաջարկն, ու այն ներառել այլ օրենքների մեջ կիրառման։ «Երբ նախագիծը 8 տարի շրջանառության մեջ է, 8 տարվա ընթացքում կառավարությունը քամում է այդ նախագծերից այն, ինչ իրեն պետք է, հետո ասում է` գիտեք ես արդեն ունեմ նման նախագծեր: 12 տարվա իմ փորձին վստահեք` ես դրանք բոլորը գիտեմ, էլի»,- ասում է Հեղինե Բիշարյանը: ՕԵԿ-ի մյուս առաջարկը վերաբերում էր «Արտադպրոցական կրթության մասին» օրենքին: Այն եւս հետաձգվեց: