«Ժառանգությունը» ֆորում կանցկացնի (տեսանյութ)
Սեպտեմբերի 15-20-ը «Ժառանգություն»-ը պատրաստվում է անցկացնել քաղաքական ֆորում՝ իշխանությունների նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա նաեւ ավելացրեց, որ կհրավիրեն նաեւ իշխանական կողմի ներկայացուցիչներին, որոնք մասնակից են եղել բարեփոխումների քննարկումներին. «Այս պահին ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու են անցկացվում նման բարեփոխումներ, քանի որ ՀՀ թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը լրիվ այլ օրակարգ է թելադրում: Ստացվում է Սահմանադրական բարեփոխումները լրիվ այլ բան են ենթադրում»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի այն հատվածին, թե ՀՀ-ում իշխանությունը ձեւավորվում է բացառապես ընտրությունների միջոցով, պարոն Հակոբյանը նկատում է. «Սերժ Սարգսյանը մի բառ է բաց թողել՝ իշխանությունների վերարտադրությունը ՀՀ-ում եղել ու մնում է ընտրությունների կեղծիքի արդյունքում: ՀՀ-ում ընտրությունների միջոցով չի ձեւավորվել իշխանություն ու չի ընտրվել նախագահ»: Անդրադառնալով ոչ իշխանական քառյակի գործունեությանը՝ Ռուբեն Հակոբյանը նկատեց՝ քառյակի անդամները հանդիպում են, եթե կա դրա անհրաժեշտությունը. «Իսկ ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը հիմա կա: Այսօր իշխանությունների իրական այլընտրանքը քառյակն է: Լավ կլինի, իհարկե, եթե աշխարհագրությունը տարածական իմաստով մեծացնենք ու լավ կլինի, եթե ժողովրդի աջակցությունն ավելի մեծ լինի: Ես համոզված եմ՝ քառյակին կհաջողվի առանց ցնցումների ու մայդանների իրականացնել արմատական փոփոխություններ»: