Դոնեցկի հայերի թվի մասին տեղեկություն չկա (տեսանյութ)
Ագնեսա Գաբրիելյանը հուլիսի 29-ին իր դպրոցական աղջկա հետ լքել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանը։ Այնտեղ դեռ ապրում են նրա ամուսինն ու մյուս հարազատները։ Կնոջ տվյալներով՝ այս պահին Դոնեցկը շրջափակման մեջ է, բնակիչները չունեն ջուր և հոսանք, դժվարությամբ են կապ հաստատում արտաքին աշխարհի հետ։ Հոսանքի բացակայության պատճառով Դոնեցկի հայերը ստիպված են խնայողաբար օգտագործել հեռախոսի մարտկոցները, զանգում են միայն մի քանի խոսք փոխանցելու։ Դոնեցկում և Լուգանսկում իրավիճակը ոչնչով չի տարբերվում։ Ամենօրյա մարտեր են ընթանում անջատողականների և ուկրաինացի զինվորականների միջև։ Ռազմական գործողությունների կիզակետում խաղաղ բնակիչներն են։ Դոնեցկի առողրապահության նախարարության տվյալներով՝ միայն վերջին 3 օրերին շրջանում մահացել է ավելի քան 704 մարդ։ Դոնեցկը 950 հազարից ավելի բնակիչ ունի; Թե քանի հայ կա այստեղ, Ագնեսա Գաբրիելյանը դժվարանում է ասել։ Հայերի թվի, այս պահին նրանց գտնվելու մասին տեղեկատվություն չունի նաև մեր Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը։ Իսկ սփյուռքի նախարարությունից փոխանցեցին, որ գերատեսչությանն օգնության համար դիմել է 13 ընտանիք, ընդհանուր թվով՝ 43 մարդ։ Տիկին Գաբրիելյանը նրանցից մեկն է, նկարահանումից հետո նա պետք է մեկներ հարցազրույցի՝ աշխատանքի ընդունվելու համար։ Հայաստանից հեռանալու մտադրություն չունի։ Մանրամասները՝ տեսանյութում։