Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետ. «Մենք չենք վախենում պատերազմից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Gekharquniq2

ՀՀ վարչապետ. «Մենք չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել» Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետն անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի սահմանում տիրող լարված իրավիճակին՝ ընդգծելով, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Հովիկ Աբրահամյանը հորդորել է Ադրբեջանին թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի: «Կա  հրադադարի պայմանագիր, եւ Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք եւ մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան: Մենք ունենք այդ ներուժը, բայց յուրաքանչյուր զինվորի կորուստ մեզ համար, մեր երկրի, իր ընտանիքի, իր ծնողի համար ցավալի է: Մենք չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք մեր  հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն  մենք նաեւ պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել եւ հաղթել: Մեր բանակն ունի հավուր  պատշաճի սպառազինություն եւ մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների  կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ  տա առողջ դատողությանը: Երբ մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա  դառնում է ավելի վտանգավոր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:  Մարզահամերգային համալիրի աճուրդին վերաբերող հարցին վարչապետը պատասխանել  է. «Պետությունը 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ է տրամադրել, եւ գրավադրված է եղել Մարզահամերգային համալիրի շենքը: Գումարը ժամանակին չեն մարել, պետությունն իր փողն է պահանջում եւ համապատասխան մարմիններն զբաղվում են այդ գործընթացով»: Խոսելով Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրից՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մեր այցի նպատակն է ուսումնասիրել տարածքները եւ փորձել այս երկու բնակավայրերում իրականացնել առաջարկվող ծրագիրը: Այս կարեւոր ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 մլրդ ՀՀ դրամ է, առաջին փուլում նախատեսվում է ծախսել 3 մլրդ ՀՀ դրամ»: