Ուշադրություն. Քաղաքում ապօրինի դրամահավաքություն է իրականացվում (տեսանյութ)
Քաղաքում ապօրինի դրամահավաքություն է իրականացվում «Պարգևիր ժպիտ» հասարակական կազմակերպության անվան տակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կազմակերպության նախագահ Լիանա Մանուսաջյանը։ Նա տեղեկացրեց, որ հասարակական կազմակերպությունը մանկատան երեխաների համար միայն խաղալիքներ է հավաքում. «Սակայն քաղաքում դրամահավաքություն է իրականացվում մեր անվան տակ, ինչը մենք երբեք չենք անում։ Ամենազավեշտալին այն է, որ շատ արկղերում մեր լոգոն է պատկերված, որը անհատական պատվեր է, խախտվում է նաև մեր հեղինակային իրավունքը»,- ընդգծեց նա։ Նախագծի հեղինակ, The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը նշեց, որ տարբեր շահարկումներից խուսափելու համար իրենք միշտ միայն խաղալիքներ են հավաքել և նվիրաբերել մանկատներին, սակայն գումարի հարց երբեք չի եղել. «Ես ապշեցի, որ իմացա, որ մեր անվան տակ սկսել են տներից տուն գնալ, ինչպես նաև փողոցում գումար հավաքել՝ տալով ինչ-որ երեխաների անուններ։ Մեզ այս ամենի մասին ասել են մեր ընկերները, որոնց տուն նույնպես այցելել են»,- ասաց նա։ Նախագծի մեկ այլ հեղինակ, «Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոն»-ի նախագահ Մերի Մարգարյանն էլ հավելեց, որ իրենք պատրաստվում են ոստիկանություն դիմել, եթե նմանաբնույթ գործողությունները շարունակվեն. «Սակայն մինչ այդ մենք իրազեկում ենք մարդկանց, որ չխաբնվեն և զգույշ լինեն»։