Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղքատ գյուղացուն վաճառում են ջուրը, իսկ ՀԷԿ-երին ձրի են տալիս

Հասարակություն
57506ec48df2eed1b5ad1841adc9a2e0

Հայաստանում կա ոլորտ, որտեղ ջրի համար մարդիկ պարտավոր են վճարել, կա նաեւ ոլորտ, որտեղ ջուրն անվճար է։ Դրանք գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներն են։ Հողագործների համար ջուրը գին ունի, 1 խմ ոռոգման ջուրն արժե 11 դրամ։ Մեկ հեկտար հողատարածքի ոռոգման համար անհրաժեշտ է 9-11 հազար խմ ջուր, ինչը համարժեք է 99000-121 հազար դրամի։ Չնայած պետական պաշտոնյաները պնդում են, որ ջրի գինը պետք է շատ ավելի բարձր լիներ, սակայն պետությունը սուբսիդավորել է,թեթեւացնելու գյուղացու հոգսը, միեւնույնն է, գյուղացին այդ գումարն էլ է դժվարությամբ վճարում, հաճախ նույնիսկ չի էլ վճարում՝ անմշակ թողնելով հողը։ Օրերս ԷկոԼուրի հարցին, թե ինչու պետք է գյուղացին վճարի ջրի համար, երբ գետն անցնում է նրա տան կողքով, ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը պատասխանեց. «Մեր բոլոր ռեսուրսները, այդ թվում և ջուրը հանրային հարստություն են, ինչ-որ մեկի հարստություն չէ, որ մեկի տանը մոտ լինի՝ ձրի օգտագործի:… Պետք է վճարեն..»։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչու պետությունը ջրի գին չի սահմանել մեծ ու փոքր ՀԷԿ-երի համար, ինչու է այս դեպքում հանրային հարստությունը՝ ջուրը, ձրի, երբ հսկայական տարածքներում ՀԷԿ-երը խողովակի մեջ են վերցնում գետերի ջրերը՝ գետերը եւ մարդկանց թողնելով առանց ջուր։ Ընդ որում, այս ոլորտում ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի թիվ 927—ն որոշմամբ, ՀԷԿ-երի շահագործման ժամանակ բնապահպանական թողքի արժեքը որոշելիս, որպես հիմք է ընդունվում տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքը։ Սա նշանակում է, որ եթե գետը չորացել է և 10 օրվա ընթացքում նրանում արձանագրվել է զրոյական ջրհոսք, ապա դա կարելի է ընդունել որպես բնապահպանական թողք: Ստացվում է, որ մի դեպքում պետությունն աղքատ գյուղացուն պարտադրում է վճարել ջրի դիմաց, մյուս դեպքում ձրի նվիրում ջուրը ֆինանսներ եւ ազդեցություն ունեցող նեղ շրջանակի մարդկանց, ովքեր անվճար օգտագործում են հանրային հարստությունը։   Էկոլուր