«ՕԵԿ-ը ցանկանում է նոր տարածքներ զավթել»
Հայտարարություն ՀՀ կրթության ոլորտում մի քանի բուհ կա, որ մեկ դարին հասնող տարիքով, առաքելությամբ անփոխարինելի դեր է կատարել երկրի տնտեսության համար: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շուրջ 85 տարի այդ շարքի առջեւից ընթացողներից է: Մեր երկրում բարձրագույն կրթության հիմքերը դնելու առաջին իսկ պահից, միշտ, բոլոր ժամանակներում, երկրի ղեկավարները կարեւորել են ագրարային ոլորտը, աջակցել են գիտության-կրթության այս բացառիկ, այլընտրանքը չունեցող կաճառի ամրացմանն ու զորացմանը: Այս բուհում միշտ էլ շատ լավ գիտակցել են, որ մեր երկրի տնտեսության անկյունաքարի համար են կադրեր պատրաստում: Այդպես է նաեւ հիմա: Դեռ այն ժամանակ բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը տագնապում էին. ինչպես կարող է ապակուսակցական, չքաղաքականացված կրթօջախի հարեւանությամբ, իսկ ավելի ճիշտ` տարածքում, կուսակցության նստավայր կառուցվել: Արվե՜ց: Ավելին, հիմնվեցին բուհի անմիջական հարեւանությամբ գործելու տեսակետից, անհամատեղելի «հիմնարկություններ». շենքի ներսում տարիներ շարունակ ռեստորան էր գործում, մինչ օրս աշխատում է ցածրակարգ սննդի «բուրավետ» կետը, կան բանկային և այլ գործառնական գրասենյակներ, վաճառատուն...եւ այս ամենը` բուհի տարածքում: Հիմա էլ նոր ՙմիտք են հղացել՚` արդեն տարածք գրավելու մասնաշենքերի միջև գտնվող մասում: Բիզնես - նպատակը ստույգ է՝ ընդլայնում, ոչ ավելին, դարձյալ վարձակալության տալու շնորհիվ եկամուտների մեծացման ՙլուսավոր՚, գայթակղիչ հեռանկարով: Նախնական պայմանավորվածությամբ ՕԵԿ «գրասենյակի» նախագիծը պետք է համաձայնեցվեր համալսարանի հետ, ինչը չարվեց, որի արդյունքում 4 հարկի փոխարեն կառուցվեց 8+, որով խախտվեց ոչ միայն ՀԱԱՀ երկու մասնաշենքի, այլեւ Աբովյան փողոցի ճարտարապետական ներդաշնակությունը: Մի կողմ թողնենք, թե ի՞նչ նպատակով էր կառուցվում և այժմ ի՞նչ նպատակների է ծառայում և վերջապես ո՞ւմ է պատկանում շենքը: Այդ ահռելի շինության ներսում մի՞թե դահլիճի համար տեղ չգտնվեց, որ, ցանկանում են նոր տարածք զավթել: ՕԵ կուսակցության անունը անթերի է. երկիրը օրենքով է կայուն ու զարգացող, եւ օրինապահ պետք է լինենք բոլորս, նաև ՕԵԿ-ականները, այլընտրանք չկա՜: Մենք լիազորված ենք ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության անունից հայտարարելու. վրդովմունք ու զայրույթ` հերթական ոտնձգության դեմ: Այլեւս երբեք, ոչ մի դեպքում, թույլ չենք տալու, որ մի թիզ անգամ վերցվի համալսարանից: Համալսարանի կոլեկտիվի անունից Աղավարդ ԽԱՉԱՏՐՅԱՆ պրոֆեսոր, բարձրագույն մաթեմատիկայի եւ տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ Գերասիմ ԴԱՎԹՅԱՆ պրոֆեսոր, ԳԷ կազմակերպման ամբիոնի վարիչ Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆ պրոֆեսոր, հիդրոմելիորացիայի ամբիոնի վարիչ