ԱՊՀ-ից միայն մենք ենք ներկայացված (տեսանյութ)
Հուլիսի 4-9-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը Օտտավայում առաջին անգամ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին: Հայկական պատվիրակության անդամ Մարգարիտ Եսայանը նկատում է` սա մի դաշտ է, որտեղ մենք անելիք ունենք, բայց կա մեկ վտանգ` վեհաժողովում ներգրավված են ֆրանսախոս իսլամական երկրներ: ՀՀ ԱԺ-ն դարձավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիարժեք անդամ: Այս մասին Օտտավայում հանդիսավորությամբ հայտարարվել է վեհաժողովի 40-րդ հոբելյանական լիագումար նիստի բացման օրը։ Տիկին Եսայանը սա համարում է պատմական իրադարձություն: Նա վստահեցնում է, ճիշտ է, ՀՀ-ն դեռ հարցեր բարձրացնելու եւ առաջարկություններ անելու իրավունք չուներ, սակայն առաջիկայում պատրաստվում են վեհաժողովում ավելի ակտիվ աշխատել. «Ես տեսել եմ, նկատել եմ, որ ՀՀ պատվիրակության եւ ՀՀ-ի նկատմամբ ֆրանսախոս երկրները հատուկ դրական վերաբերմունք ունեն, եւ սա մեզ իսկապես ոգեւորում է»: Պարզվում է` Թալինն ու Բուր-լե-Վալանսը քույր քաղաքներ են, եւ այս հարցում մեծ ներդրում է ունեցել հայկական պատվիրակության անդամ, Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը. «Բուր -լե- Վալանսում այսօր կանգնած է հուշարձան, որը հենց Թալին քաղաքի ու արդեն նախկին քաղաքապետի ջանքերով է կառուցվել այնտեղ»: Պարոն Մնացականյանն իրեն համարում է ֆրանկոֆոնիայի ակունքներում գտնվող մարդ եւ շատ ոգեւորված էր Օտտավա կատարած այցից. «Շատ կարեւոր հարթակ է` մեր խնդիրները ներկայացնելու, բարձրաձայնելու, շփվելու եվրոպական մշակույթների հետ»։ Ի դեպ, ԱՊՀ երկրներից ՀՀ-ն միակն է, որ այս վեհաժողովի լիարժեք անդամ է. Վրաստանը դիտորդ է, իսկ ադրբեջանական կամ թուրքական մասնակցություն այս կառույցում չկա: