Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետ Արամ Հարությունյանը ոչ մեկին չի ասի, թե ինչ է մտածում (տեսանյութ)

Քաղաքականություն
3e0cdfaee5ee90547a137e7366f25059

Սահմանադրական բարեփոխումներին քաղաքացիների դեմ քվեարկելու դեպքում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական չի տա, որովհետեւ ինքը բարեփոխումներ է քարոզում ոչ որպես գլխավոր դատախազ։ Պարոն Կոստանյանը այսօր Հրազդանում տեղացի չինովնիկներին եւ դպրոցների տնօրեններին բացատրում էր, թե որն է լինելու բարեփոխումների առավելությունը, նրա ատենախոսության թեման է եղել պառլամենտարիզմը Հայաստանում։ Հրազդանցիները ուշադիր էին լսում գլխավոր դատախազին եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանին։ Ոմանք քնած էին , ոմանք արթնանում էին , ոմանք հորանջում, իսկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը նույնիսկ պայքարում էր քնի դեմ։ Բայց բոլորն էին կարեւորում Սահմանադրությունը: Նոր Հաճնի ավագ դպրոցի տնօրեն Սիլվա Վանեսյանը նկատում է. «Շատ բան կա, որ դուր ա գալիս, բայց չի գործում, այ էդ չգործելը դուր չի գալիս»։ Դահլիճում մեծամասնությունը դպրոցների տնօրեններ էին, այսինքն, կանայք։ Ըստ նրանց, բարեփոխումների իմաստն այն է, որ Սահմանադրության եղած կետերը գործեն։ Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Կարապետյանը մոտավորապես գիտի, թե ինչ կանի սահմանադրական այն գիտելիքների հետ, որ քիչ առաջ ստացավ. «Երեւի կիրառելու ենք կյանքում»։ Մի բան փաստ է՝ այն, ինչ լսեցին, մտածելու տեղիք է տալիս։ Համենայնդեպս, գործող Սահմանադրությունը այս կնոջը ոչ մի բանով չի խանգարել. «Պատկերացրեք, որ չէ, թերություններ ուներ»։ Ի դեպ երկու բանախոսներին աշխատավորական կոլեկտիվին ներկայացնող մարզպետ Արամ Հարությունյանը ոչ մեկին չի ասի, թե ինչ է մտածում սահմանադրական բարեփոխումների մասին «Դա կլինի կողմնակալ եւ ուղղակի դուք պետք է այս պրոցեսը անցնեք, որից հետո ես որպես քաղաքացի իմ դիրքորոշումը կհայտնեմ»,- ասաց նա: