Բարեփոխումների տապալման դեպքում Գ. Կոստանյանը հրաժարական չի տա
«Սահմանադրական բարեփոխումների տապալման կամ չտապալման հետ կապված չէ իմ գործունեությունը: Ես այս խմբում ընդգրկված եմ որպես սահմանադրագետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն՝ ի պատասխան հարցի, թե արդյոք հրաժարական կտա՞, եթե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը տապալվի: Կոստանյանը նշեց, որ իր թեկնածուի կոչումը ստացել է պաշտպանելով «Պառլամենտարիզմը ՀՀ-ում» թեմայով ատենախոսությունը, դասավանդում է ԵՊՀ-ի համապատասխան ամբիոնում ու այս խմբում ընդգրկվելը «հեչ կապ չունի իմ դատախազական աշխատանքի հետ»: Կոստանյանի խոսքով՝ կառավարման մոդելի հետ կապված մասնագիտական խորհուրդը դեռեւս մեկ միասնական եզրակացության չի եկել, սակայն ինքը խորհրդարանական համակարգին է ավելի շատ կողմնակից. «Այսօր կուսակցությունները հիմնականում անձերի վրա են կառուցված, իսկ այդ դեպքում կունենանք պատասխանատու կուսակցական համակարգ»,-ասաց նա: Հարցին, թե նախագահի կարծիքը չի՞ կաշկանդի մասնագիտական խմբին, Կոստանյանը պատասխանեց, որ նախագահը կառավարման ձեւի վերաբերյալ կարծիք չի հայտնել: Կոստանյանը հիշեցրեց, որ նախագահն ասել է, որ այլեւս չի լինելու նախագահ կամ վարչապետ: Դիտարկմանը, որ նախագահը չի հերքել, որ խորհրդարանի նախագահ կարող է դառնալ, իսկ իր խոսքից ենթադրվում է, որ այդ համակարգին են անցում կատարելու, նա նշեց. «Եթե հայեցակարգը նայեք, այնտեղ գրված չէ, թե ինչ մոդելի մասին է խոսքը, այնտեղ ասված է, որ մենք այս մոդելի կիրառման դեպքում ունենալու ենք այս առավելություններն ու թերությունները, մյուսի դեպքում՝ այ սրանք»,-եզրափակեց Գեւորգ Կոստանյանը: