Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միգրանտների կյանքը հեշտացվում է (տեսանյութ)

Քաղաքականություն
43

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սոչիում ստորագրվել է ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Այս համաձայնագիրը հատկապես ուրախությամբ են ընդունել ՀՀ-ում: Այսուհետ ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կազատվեն 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու պարտականությունից: Նման երկկողմ համաձայնագիր է կնքվել Սոչիում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ: ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանի համար սա կարեւոր համաձայնագիր էր. «Եթե մարդն այստեղ աշխատանք չի գտնում ու իր առջեւ խնդիր է դնում մեկնել որեւէ երկիր, առաջին հերթին ՌԴ, աշխատելու ու ընտանիքը պահելու, ապա նրան հետ չի պահի հաշվառվելու, գրանցվելու այդ դժվարությունները: Այսօր ուղղակի լրացուցիչ խոչընդոտները հանվել են` հեշտացնելով միգրանտների կյանքը»: Նախկինում եթե ՌԴ-ում գտնվող աշխատանքային միգրանտը 3 օրում չէր գրանցվում, ապա նրա նկատմամբ պատժամիջոցները խիստ էին: Պարոն Թորոսյանը չի բացառում, որ սա արվել է ՀՀ-ի հետ ունենալով ռազմավարական գործընկերություն, ինչպես նաեւ` ԵՏՄ անդամակցության շրջանակներում: Իսկ արդյոք սա չի՞ նպաստի նաեւ արտագաղթի էլ ավելի մեծ թափին. «Այսպես թե այնպես մարդիկ գնում են աշխատանքի, այսպես թե այնպես այդ միգրացիան կա, եւ այս խոչընդոտները, որոնք վերացվել են, չէին նպաստում արտագաղթի նվազեցմանը ու ուղղակի ավելորդ դժվարություններ էին հարուցում միգրանտների համար»: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին եւս ոգեւորել է այս համաձայնագիրը: Մեր աշխատանքային կապիտալի համար ժամանակավոր այս լուծումը, ըստ նրա, հատկապես կարեւոր է, երբ հաշվի ենք անում, որ ՌԴ-ից մեր մասնավոր տրանսֆերտների տարեկան ծավալը կազմում է 1.5 մլրդ դոլար. «Եթե մեր աշխատանքային կապիտալի հոսքը դեպի ՌԴ, մենք պատնեշ դնենք, լուրջ խնդիր կառաջանա եւ վճարունակ պահանջարկը ՀՀ-ում կկրճատվի, որը մեր շահերից չի բխում»: Միգրացիոն այս համաձայնագիրը նա համարում է ավելի քաղաքական, քան տնտեսական քայլ: Միաժամանակ պարոն Մելքումյանը չի կիսում այն տեսակետը, թե դրանով մեծանում է արտագաղթը, խնդիրը մեր ներքին տնտեսական անմխիթար վիճակն է. «Իհարկե, սա այն ցանկալի արդյունքը չէ: Լավ օրից չի, որ մենք փորձում ենք այդ աշխատանքային կապիտալի արտահոսքի հաշվին ապահովել ներքին վճարունակ-պահանջարկի մակարդակը»: