Բրուցելոզով հիվանդ կենդանու միսը վտանգավոր չէ՞ (տեսանյութ)
«Չի բացառվում, որ հիմա բրուցելոզով հիվանդ կենդանիների միս կա վաճառքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց սննդի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը։ Պարոն Գևորգյանը միանգամից հավելում է՝ խուճապի պետք չէ մատնվել. «Բրուցելոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանիների միսը վտանգավոր չէ։ Անհրաժեշտ է հիվանդ կենդանիներին վերացնել, քանի որ հիվանդությունը կարող է փոխանցվել կաթի, մածունի միջոցով, բայց միսը եփվելու դեպքում ամբողջովին դառնում է անվտանգ»։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք բաց վերք ունենալու դեպքում սպառողը հիվանդ կենդանու հում մսի հետ շփվելիս չի՞ կարող վարակվել, սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցը դժվարանում է պատասխանել. «Իմ մասնագիտական գիտելիքներից ելնելով՝ կարող եմ ասել, որ վարակվելու հավանականությունը երևի մեծ չէ»։ Ինչ վերաբերում է վիճակագրական և հետազոտության տվյալներին, Արման Գևորգյանը հստակ թվերի չի տիրապետում, բայց վստահեցնում է, որ տարեցտարի խախտումների նվազում է գրանցվում. «Քանի կա գետնից ապրանք գնելու պահանջարկ, քանի մեքենայի բեռնախցիկից ձուկ ու պանիր գնող մարդիկ կան, առաջարկը չի կարող վերանալ»,-նկատեց նա։ Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Արման Գևորգյանը՝ յուրաքանչյուր տարի պետությունը 300 միլիոն դրամ է հատկացնում ծառայությանը ստուգումներ կատարելու համար։