Կրակոտ գներ շուկայում (տեսանյութ)
Ծիրանը թանկացել է եռակի, սակայն պահանջարկը չի նվազել։ Մալաթիայի գյուղատնտեսական ապրանքների շուկայում եթե նախորդ տարիներին մեկ կիլոգրամ ծիրանը վաճառվում էր 350 դրամով, ներկայումս 1000 դրամից է սկսվում։ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից Արայիկ Հարությունյանը վաճառում է հատապտուղներ։ Ասում է՝ բերքը հաջող չէր, քիչ էր, իսկ գինը, բնականաբար, նախորդ տարվա համեմատ կրկնակի բարձրացել է։ Եղանակային պայմաններից չեն դժգոհում միայն կանաչեղենի վաճառականները։ Ոչ կարկուտը, ոչ էլ ցրտահարությունը բերքը չի վնասել, սակայն առևտուր չկա, այս դեպքում էլ սա է դժգոհության առիթը։ Երանուշ Հովակիմյանը 18 տարի աշխատում է Մալաթիայի շուկայում։ Նրա խոսքերով՝ տարեց տարի գնորդները պակասում են։ «Ժողովուրդ շատ քիչ է հիմա, համարյա մարդ չի մտնում շուկան, սակայն կանաչիների արժեքը մատչելի է շատ»,- նշեց վաճառականը։ Իսկ գնորդները շուկա են գալիս՝ հիմնականում ծիրան գնելու համար, հեռանում են տոպրակները լցրած, բայց դժգոհ։ «Կրակոտ են գները»,- կատակում են նրանք։