Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի ռեսուրսը մյուսներին խանգարում է ապրել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
արտագաղթ1

Չարտագաղթած հայաստանցիները լավ են հասկանում արտագաղթածներին. Դա են վկայում մեր հարցումները։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը արտագաղթի կոնկրետ մեղավորներ չի առանձնացնում։ Իշխանությունները մեղավոր են, դա թեմա չէ, բայց արտագաղթը սովորություն է հայ ժողովրդի համար, մենք նույնիսկ արտագաղթի հատուկ տերմիններ ու երգեր ունենք. «Կռունկ», «Գաղթական պանդուխտ», «Ղարիբ». «Դա դառել է փիլիսոփայություն, որը արտահայտվում է նաեւ մեր ասացվածքների մեջ՝ որտեղ հաց, այնտեղ կաց»։ Այս տերմիններն էլ իրավապաշտպանը միայն պետության կորստով չի բացատրում, քրդերն ու ղպտիները պետություն չունեն, բայց մնացել են իրենց տարածքներում։ Հայը չի մտածել անարդարության դեմ պայքարելու մասին, չի մտածել իր երկիրն ազատագրելու մասին, ոչ թե վատ կառավարությունը փոխելու մասին։ Բայց մի բան կա, որի բացատրությունն Ավետիք Իշխանյանը չունի. «Մուննաթով գնում են, հայհոյելով երկիրը գնում են, մյուս կողմից էլ գնում են՝ եկեղեցի են կառուցում, սկսում են ռաբիզ երաժշտության, Թաթայի համերգների ժամանակ լացել»։ Հայ մարդու արտագաղթը ազատության հետ կապ չունի, Ռուսաստան դրա համար չես արտագաղթի, իսկ Եվրոպայում ապրում են առանց օրենքի։ Այս ամենի հետ կապ չունի նույնիսկ այն, որ իշխանությունը լեգիտիմ չէ. «Եթե ոչ լեգիտիմ է իշխանությունը, ապա իր երկիրը սիրող ժողովուրդը, ազգը պետք է փոխի այդ իշխանությունը, ոչ թե թողնի գնա»։ «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ «Երեւի թե մարդկանց մի շերտ կա, ով արտագաղթում է՝ մտածելով, որ ինքը պարտվում է, եւ էդ պարտությունը չի կարողանում ընդունել տղամարդավարի»։ Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ նոր երեւույթ չէ երկիրը լքելուց առաջ այդ մասին հայտարարություններ անելը, պարզապես լրատվամիջոցներն են շատ եւ մարդիկ ազատություն ունեն ասելու ամենը, ինչ մտածում են. «Էն որ դժգոհում են՝ էդ ոչինչ, թող դժգոհեն, մարդ է, բա գնացել է, հոգուն է հասել, բայց որ ընդեղից մեզ սովորեցնում են ինչ անել, ինչպես անել՝ ըտենց չպիտի արվի, արա, չհասկացա՞ք ոնց պիտի արվի, սա ես ծանր եմ տանում»։ Լեւոն Բարսեղյանն ասում է, որ Հայաստանի շնչին վիշապ է նստած եւ այդ վիշապին պետք է հեռացնել։ Սերժ Սարգսյանի իշխանությունն ահռելի ռեսուրսներ ունի, որոնցով մյուսներին խանգարում է ապրել. «Մարդկանց դրել է էնպիսի կացության մեջ, որ ոմանք ասում են, այ մարդ՝ կամ փակվենք մեր մեջ, կամ գնանք, մեր երեխեքը կյանք տեսնեն»։ Ընտրություններով հանրապետականներին հեռացնելը պարոն Բարսեղյանը բարդ է համարում, բայց ոչ՝ անհնար։ Ինքը Գյումրիում փորձել է եւ ստացվել է՝ Սերժ Սարգսյանն այնտեղ իր վարչական ռեսուրսներով հավաքել է ընդամենը 26 տոկոս քվե։ Քաղաքացիներն, ըստ նրա, պետք է դառնան իրական իշխանության հիմնական տեր։ Այդ ժամանակ, ըստ նրա, դժվար կլինի արտագաղթելու մասին մտածելը։