Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխգնդապետը տուժող է, ծափեր՝ փոխգնդապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
shant4

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով տուժող ճանաչված փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը մարմնական վնասվածքներ չի ստացել անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի եւ ընկերների կողմից Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ կատարելու ժամանակ։ «Հագուստս չի պատռվել, ընդամենը աչքերս են մրմռացել»,- այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց փոխգնդապետը։ Դրանից հետո դատարանում հնչեցին ծափեր։ Ամբաստանյալներից Միսակ Առաքելյանին միայն մեկ հարց էր հետաքրքրում. Ինչպես է պատահել, որ պայթուցիկներից սկսել են մրմռալ միայն փոխգնդապետի աչքերը, այլ ոչ թե երթի մասնակիցների։ Իսկ տեսանյութերից պարզ երեւում է, որ որեւէ մեկը չի մաքրում աչքերը. «Եթե 8 հատը իմ ոտքերի տակ է պայթել եւ եթե ես պրոբլեմ ունեմ, ես ակնոց եմ կրում, իսկ նա ոչ։ Եթե ես չեմ զգացել, նա առավել եւս չէր կարող զգալ...»։ Փոխգնդապետը դատարանում նաեւ նշեց, որ միայն տեսել է, որ սպորտային համազգեստով մի երիտասարդ հարվածել է քաղաքացիական հագուստով մեկին, իսկ այդ անձը բղավել է, որ ինքը ոստիկան է։ Պաշտպան Հովհաննես Քոչարյանը կարծում է, որ նախաքննական մարմինը կարող էր փոխգնդապետին գործում ներգրավել միայն որպես վկա։ «Օրենքը հստակ սահմանել է՝ արդյո՞ք պատճառվել է ֆիզիկական, նյութական, բարոյական վնաս, արդյո՞ք աչքերը արցունքոտվելը ֆիզիկական վնասի արդյունք է»,- նշեց Քոչարյանը։ Ի դեպ, գործով տուժողը դեպքից հետո հիվանդանոց չէր դիմել։ Այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով անցնող 10 տուժողներից միայն մեկը, քանի որ ամբաստանյալի աթոռին հայտնված անչափահաս Շահեն Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Շանթ Հարությունյանը եւ նրա մյուս ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար։ Դատական հաջորդ նիստը կշարունակվի հուլիսի 16-ին։