Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՊԿ-ը սպառնում է Հայաստանի անվտանգությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
nato

Ներկայումս ՀԱՊԿ-ը ոչ միայն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, այլեւ՝ սպառնում է։ Այսօր «Անվտանգության նոր մարտահրավերներ և ՆԱՏՕ-ն» համաժողովի ընթացքում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը։ Նա նկատի ունի Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը։ Պատգամավորը վստահ է՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին միայն դեկլարատիվ բնույթ է կրում, ինչը չի կարող ասել ՆԱՏՕ-ի մասին. «ՆԱՏՕ-ն աջակցում է նաև Հայաստանում տեղի ունեցող դեմոկրատական և ինստիտուցիոնալ բարեփոխումներով»,- նշեց պատգամավորը։ ՆԱՏՕ-ին չի անհանգստացնում Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, կառույցը մտահոգված չէ նաև Մաքսային միությանը մեր երկրի անդամակցությամբ։ Համաժողովում հայտարարեց ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին. «Հայաստանն ազատ է իր քաղաքական որոշումներով, և մենք հասկանում ենք Հայաստանի առջև ծառացած արտաքին գործոնները»,- ասաց նա։ Տիկին Աֆենտուլին նաև ընդգծեց՝ այսօր աշխարհը կրկին կանգնած է սառը պատերազմի շեմին՝ Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունքում. «Ռուսաստանի Դաշնությունը ընտրել է առճակատման ուղին, Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում իրական սպառնալիքներ են»։ Իսկ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, թե իր գլխավորած կառույցը դադարեցնում է երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ: ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը շտապեց հայտնել՝ փաստացի ՀԱՊԿ-ՆԱՏՕ համագործակցություն չի եղել, ուստի այն չի կարող վտանգել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին. «Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ իր փոխշահավետ համագործակցությունը»,- նշեց նա։ Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են 1992թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին։ Մեր երկիրը եւ ՆԱՏՕ-ն ակտիվ համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: