«Քննիչն ու 6-րդ վարչության աշխատակիցը ճնշում են տուժողին» (տեսանյութ)
Կաշառք վերցնելու մեղադրանքով 8 ամսից ավելի կալանքի տակ գտնվող Սահակ Հարությունյանի հարազատներն այսօր ակցիա իրականացրին գլխավոր դատախազության դիմաց։ Սահակ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման Արմավիրի մարզի բաժնի ղեկավարն է եղել։ 2013թ. հոկտեմբեր ամսին ՀՔԾ կողմից հարուցվել է քրեական գործ կաշառք ստանալու և պահանջելու մեղադրանքով, որի համար հիմք է հանդիսացել 900.000 դրամ տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանի հաղորդումն այն մասին, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի աշխատակից Ալեքսանդր Խաչատրյանը համաներում կիրառելու համար իրենից գումար է պահանջել։ Նույն օրը Ալեքսանդր Խաչատրյանն իր աշխատասենյակում Բաբկեն Բուդաղյանից 400.000 դրամ գումար վերցնելու պահին բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ձերբակալվել։ Սահակ Հարությունյանի կինը՝ Էլիզա Սահակյանը «Ա1+»-ին ասաց. «Իրականում երբ որ ինքը հաղորդում է տվել 6-րդ վարչություն, իմ ամուսնու անունը ներառված չի եղել, այնուհետև դիմում է եկել շատ կասկածելի պայմաններում, որտեղ նշվել է իմ ամուսնու անունը, դրանից հետո նրան կալանավորել են»։ Տիկին Սահակյանի փոխանցմամբ՝ իր ամուսինը խարդախություն իրականացման պահին աշխատավայրում չի եղել. «Այլ մասնակցել է հուղարկավորության արարողության։ Ամբողջ քննության ընթացքում Բաբկեն Բուդաղյանն իրարամերժ ցուցմունքներ է տվել, այսինքն՝ մեկ ասել է, որ Սահակ Հարությունյանը իսկապես իրենից պահանջել է գումար, այնուհետև հերքել է՝ ասելով, որ Սահակից ինքը ընդհանրապես գումար չի ստացել»։ Մեղադրվողի կինը տուժողի իրարամերժ ցուցմունքները պայմանավորում է ճնշումներով. «Որոնց հեղինակը քննիչ Արշալույս Մինասյանն է։ Ի սկզբանե նա հակված է եղել նրան կաշառքի գործ սարքելու, նա և 6-րդ վարչության աշխատակիցներն անընդհատ ճնշում էին Բաբկեն Բուդաղյանին»։ Կնոջ խոսքերը հաստատվում են նաև Սամվել Հարությունյանի պաշտպանի՝ Ինեսա Պետրոսյանի կողմից՝ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված դիմում-բողոքում, որտեղ նշվում է, որ հունվարի 30-ին Բուդաղյանն առերեսման ժամանակ ցուցմունք է տվել, թե Սահակ Հարությունյանը իրենից գումար չի պահանջել. «Սակայն այդ առերեսումից հետո տուժողի հանդեպ սկսվեցին հետապնդումներ և ի վերջո նա մարմնական վնասվածքներով՝ այդ թվում՝ աչքի տակ մեծ կապտուկով փետրվար ամսին բերման ենթարկվեց ՀՔԾ քննիչի մոտ, որտեղ արդեն խոշտանգված վիճակում ցուցմունք է տվել Սամվել Հարությունյանի դեմ»,- նշվում է նամակում։ Պաշտպանը նաև հավելում է, որ հինգ տարբեր նիստերին տուժողը հայտարարել է, որ Սահակ Հարությունյանը իրենից կաշառք չի վերցրել, սակայն հուլիսի 7-ի նիստին դատավորը հայտնել է, որ դատարանում մուտք է եղել Բուդաղյանի դիմումը, որտեղ նշված էր, թե ինքը սխալ ցուցմունք է տվել ու խնդրում է ներողամիտ գտնվել իր հանդեպ. «Այդ հրապարակումից անմիջապես հետո Բ. Բուդաղյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այդ դիմումն իրեն թելադրել են և ստիպել գրել ՀՔԾ-ում»,- նշվում է փաստաբանի նամակում։ Այսօրվա ակցիայի ընթացքում Սահակ Հարությունյանի կինը՝ Էլիզա Սահակյանը հիշեցրեց հունիսի 25-ին ասուլիսի ժամանակ Գևորգ Կոստանյանի խոսքերը. «Որևէ արդար, անմեղ մարդ չի ենթարկվի պատասխանատվության: Ամեն ինչ անելու ենք, որ մեղավորները հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: Ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա»,- ասել էր դատախազը. «Մենք ունենք էս պատկերը, անմեղ մարդը դատվում է, ու այլևս ոչ մի ճար չունենք, Էջմիածինից գալիս ենք ու հավաքվում դատախազության դիմաց»,- հայտնեց տիկին Սահակյանը։ Նա նաև հավելեց, որ իր ամուսինը արդարադատության փոխգնդապետ է, անբասիր ծառայության համար 2 անգամ կրծքանշանով է պարգևատրվել և համակարգում է աշխատել շուրջ 19 տարի։ Այսօրվա ակցիայի ընթացքում Սահակ Հարությունյանի հարազատներին դատախազությունից հայտնեցին, որ Գևորգ Կոստանյանը նրանց չի կարող ընդունել։ Տիկին Սահակյանը դատախազության աշխատակիցների միջոցով հանձնեց փաստաբանի վերոնշյալ նամակը, որը փոխանցվել է նաև նախագահական։