«Ընդվզում»-ը ՕԵԿ-ի հետ է եւ դեմ՝ «Դեմ եմ»-ի պայքարի ձեւին (տեսանյութ)
Նորաթուխ «Ընդվզում» շարժման ղեկավար Կարեն Թումանյանը այս պահին հասարակական ընդվզման օջախ է համարում էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ բողոքը։ Պարոն Թումանյանը վստահ է, որ ներկայումս քաղաքացիական նախաձեռնություններն են եղանակ փոխում երկրում. «Մեր երկրում իշխանական ամենաթողությունը հասնում է գագաթնակետին։ Հարկավոր են համակարգային փոփոխություններ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց պարոն Թումանյանը։ Ուստի նա իր համակիրների հետ ստեղծել է «Ընդվզում» քաղաքացիական շարժումը, որի նպատակն է պայքարել համակարգային փոփոխության համար, թեև սկզբի համար շարժման անդամները կբավարարվեն միայն հուլիսի 18-ին ՕԵԿ-ի հանրահավաքին մասնակցելով։ Շարժման ղեկավարը կոչ արեց քաղաքացիներին սատարել ՕԵԿ-ին՝ վստահեցնելով, որ եթե այս քաղաքական ուժի փոխարեն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաք իրականացներ, օրինակ՝ «Ժառանգություն»-ը, նույն կոչը կրկին կհնչեր։ Պարոն Թումանյանը նաև անդրադարձավ քաղաքացիական շարժումներին՝ խոսելով «Վճարում ենք 100 դրամ» և «Դեմ եմ» նախաձեռնության գործունեությունից։ Նա համոզմունք հայտնեց, որ այս շարժումները կարևոր դեր են խաղացել հասարակության մոտիվացման համար։ Սակայն «Ընդվզում»-ի ղեկավարը պնդեց, որ «Դեմ եմ»-ի պայքարն ունեցավ հակառակ արդյունքը. «Այս նախաձեռնության պայքարի արդյունքում եկավ այն պահը, որ մենք ավելի տուժեցինք, կառավարությունը նպատակ ունի կուտակային համակարգը պարտադիր սարքել բոլոր տարիքայինների համար»,- ասաց նա։ Այնուամենայնիվ, պարոն Թումանյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական իրավիճակի փոփոխության բանալին քաղաքացիական շարժումների ձեռքում է։