Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանը հանդիպեց Վ. Մատվիենկոյի հետ

Քաղաքականություն
մատվիենկո

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահը, շնորհավորելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ բարձր գնահատելով երկու երկրների հարաբերությունները, վստահություն հայտնեց, որ երկու խորհրդարանների համագործակցության շրջանակը հետայսու եւս կընդլայնվի, փոխգործակցությունը կխորանա թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով: Նա կարեւոր համարեց առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը, հումանիտար ոլորտում փոխգործակցության հետագա զարգացումը: Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ փաստեց միջռեգիոնալ հաջող համագործակցությունը` նշելով, որ ՌԴ 70 սուբյեկտներ փոխգործակցում են Հայաստանի մարզերի եւ քաղաքների հետ: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն` Վալենտինա Մատվիենկոն բարձր գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող ակտիվ քայլերը: Նա ողջունեց 2013թ. Հայաստանի խորհրդարանում ռուսական գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության ակումբի բացումը: Դաշնության Խորհրդի նախագահը կարեւոր եւ անհրաժեշտ համարեց համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: Տարածաշրջանային հարցերի համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Պարոն Սահակյանը տիկին Մատվիենկոյին հրավիրեց մասնակցելու 2015թ. ապրիլին Երևանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին: Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում կատարեց ՌԴ Դաշնության Խորհրդի պատվավոր հյուրերի գրքում եւ տիկին Մատվիենկոյի ուղեկցությամբ շրջայց կատարեց Դաշնության Խորհրդի շենքում: