Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը»՝ ԱԱԾ սպառնալիքների մասին

Քաղաքականություն
f802618f4d6b1480ffd395ac458fc3b4

Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը՝ պետական այլ պաշտոնյայի միջնորդությամբ, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին եւ առաջարկել է համագործակցություն հիշյալ կառույցի հետ: Հրայր Մանուկյանից ստանալով բացասական պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը բացահայտ սպառնացել է, որ չհամագործակցելու դեպքում խնդիրներ կունենան ինչպես Հրայր Մանուկյանը, այնպես էլ՝ հարազատները: Ի դեպ, վերջին օրերին սա «Ժառանգության» նորընտիր վարչության երիտասարդ անդամների նկատմամբ հավաքագրման փորձի երկրորդ դեպքն է: Հրայր Մանուկյանը՝ կանխատեսելով դեպքերի հնարավոր զարգացման ընթացքը, նաեւ նկատի ունենալով հիշյալ կառույցի գործելաոճը, հանդիպման էր ներկայացել ձայնագրիչով: Հարկ է նշել, որ Հրայրը լրագրող է: Զրույցի ձայնագրությունը եւ սղագրությունը երեկ հրապարակվել էին որոշ լրատվամիջոցներում: Նկատի ունենալով երեւույթի պետական եւ հանրային վտանգավորությունը, «Ժառանգություն» կուսակցության վարչությունը. -կարեւորելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային իրավական ակտերով ամրագրված՝ մարդու եւ քաղաքացու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ինչպես նաեւ ազգային անվտանգության խնդիրների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը, -հաշվի առնելով իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու իրողությունը եւ քաղաքական մրցակիցների նկատմամբ վարչակարգին հատուկ անօրինական գործողությունները, -վերահաստատելով «Ժառանգության» հանձնառությունը ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի իրավունքների իրացման գործում, -դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Ժառանգություն» կուսակցության եւ նրա վարչության անդամի նկատմամբ գործողություններն ու սպառնալիքները: Կոչ ենք անում նույն իշխանություններին՝ դադարեցնել քաղաքացիների հանդեպ ուժային կառույցների նմանօրինակ ապօրինի գործողությունները եւ պահանջում ենք մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ: «Ժառանգությունը» հետեւողական է լինելու օրինական բոլոր ճանապարհներով այս հակասահմանադրական երեւույթը մինչեւ վերջ բացահայտելու եւ այն հասարակության դատին ներկայացնելու համար: 4 հուլիսի 2014 Երեւան