Քեսաբահայերին այլևս վտանգ չի սպառնում (տեսանյութ)
«Քեսաբահայերի անվտանգությունը արդեն ապահովված է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Քեսաբի հարցերով աշխատանքային խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ «Տեղական կառավարական ուժերին հաջողվել է ցրել ահաբեկիչների ու ելուզակների զգալի մասին։ Ահաբեկիչների մեծ մասը անցել է Թուրքիա և ապաստան գտել այնտեղ։ Իհարկե, վտանգ դեռ կա, քանի որ Թուրքիայից ահաբեկիչները կարող են ամեն րոպե հարձակվել, բայց միաժամանակ պետք է նկատել, որ սիրիական բանակին հաջողվել է փակել Թուրքիայի հետ սահմանը և դրանով է պայմանավորված այն փաստը, որ շատ քեսաբահայեր սկսում են վերադառնալ Քեսաբ»,-մեկնաբանեց նա։ Այնուամենայնիվ, պարոն Սաֆրաստյանը չի բացառում, որ Արևելքում կարող է նոր վտանգավոր իրադրություն ստեղծվել. «Իրաքի իսլամիստներին հաջողվեց բացել Իրաքի և Սիրիայի սահմանը և կապ հաստատել իրենց կազմակերպության այն անդամների հետ, որոնք գտնվում են Սիրիայում։ Իրաքում իսլամիստների հաղթանակը կարող է բոլորովին նոր իրավիճակ ստեղծել։ Սիրիական բանակը հզորանում է և դեռ սիրիական համայնքին վտանգ չի սպառնում, բայց իմ համոզմամբ՝ Արևելքը պետք է վերանայի իր քաղաքականությունը և Իրաքում և Սիրիայում»։ Պարոն Սաֆրաստյանը նաև տեղեկացրեց, որ աշնանը Քեսաբի հարցերով աշխատանքային խումբը հնարավոր է հանդիպում ունենա Ռուսաստանի Հանրային խորհրդի հետ՝ քեսաբահայերին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով։