Հիշեց Երեւան կատարած իր այցելությունը
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռիգայում է։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր լատվիացի գործընկերոջ՝ Էդգարս Ռինկևիչի հետ: Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Լատվիայի արտգործնախարարն ասաց, որ ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցելությունը և ուրախ է, որ այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում: Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչը անդրադարձան բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Նախարարներն ընդգծեցին, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել զարգացման համար: Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը: Երկուստեք նշվեց, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և հարկավոր է այն համալրել կրթական, գիտական և մշակութային փոխգործակցության խորացմանը միտված համաձայնագրերով։ 2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը: Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։ Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։