Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինական մեքենաներ՝ Շտապ օգնությանը

Քաղաքականություն
սհտապ

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Տյան Չան Չունի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և խնդիրները։ Քննարկվեցին Չինաստանի կառավարության մասնակցությամբ արդեն իսկ իրականացված ծրագրերն ու աջակցության հետագա հնարավորությունները: «Չինաստանի կառավարության աջակցությունը մեր երկրին ակնհայտ կերպով ցույց է տալիս նաև երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները: Ես նկատի ունեմ թե՛ կրթական ծրագրերը, թե՛ կոնկրետ նյութատեխնիկական աջակցությունը։ Կցանկանայի կարևորել հատկապես շտապ օգնության ծառայությունը ավտոմեքենաներով ապահովելու ծրագիրը»,-նշեց Արմեն Մուրադյանը: Նա ընդգծեց, որ շտապ օգնության կանչերը և այս ծառայության հանդեպ վստահությունը նկատելիորեն ավելացել են: Արմեն Մուրադյանը նաև հավելեց, որ շտապ օգնության ծառայության արդիականացումն ունի առաջնային նշանակություն` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում շեշտադրել է արտահիվանդանոցային բուժօգնության զարգացումը: Հայաստանը հետաքրքրված է նաև չինական պրակտիկ բժշկության ոլորտում համագործակցությամբ` նկատի ունենալով չինական ավանդական բժշկության ձեռքբերումները: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև առողջապահական ոլորտում օրենսդրական, պրակտիկ բժշկության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև հանրային առողջապահության հետ կապված փորձի փոխանակումը: «Մեր երկկողմ համագործակցությունն օրինակելի է: Կուզեի ևս մեկ անգամ ընդգծել շտապ օգնությանը մեքենաների տրամադրման ծրագրի մասին, ինչը, կարծում եմ, կարևոր ներդրում է առողջապահական համակարգի այդ ծառայության զարգացման գործում»: Նա նաև նշեց, որ Չինաստանից Հայաստանին տրամադրվող աջակցությունը տարեցտարի ավելանում է` ընդգրկելով տարբեր ուղղություններ: Առողջապահության նախարարություն