«Երեք նախագահներն էլ ժամանակին մեղադրվեցին Մարտի 1-ի զոհերի համար». Առավոտ
«Երեք նախագահներն էլ ժամանակին մեղադրվեցին մարտի մեկի զոհերի մեջ. Լեւոն Տեր-Պետրոսյանը չեկավ, որ հասարակությանը հանգստացներ, Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ վարվեց, Սերժ Սարգսյանը ղեկավարում էր շտաբը, եւ ինքն էր արդեն իսկ ընտրված նախագահը: Եթե սա էմոցիոնալ դաշտից չէ, ապա կարծում եմ՝ ապրիորի եւ անհիմն մենք որեւէ մեկին մեղադրելու հիմք չունենք, այդ թվում նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Զրուցակիցը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե նման վիճահարույց հարցերը պարզաբանվեին հենց երեք նախագահների մեջ, ու հիշեցնում է իր նախաձեռնությունը` երեք նախագահների հանդիպում կազմակերպելու առիթով, որը միտված էր հենց քննության արժանի հարցերը սեղանին դնելուն եւ հստակեցնելուն: «Ես վստահ եմ, որ այդ հարցերը մի օր անպայման դրվելու են սեղանին եւ պարզաբանվելու են: Բայց այն ժամանակ լինելով նախագահի` Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը՝ ես կարող եմ ասել, որ այն բոլոր մեղադրանքները, որոնք մարտի մեկի հետ կապված հնչում են պարոն Քոչարյանի հասցեին, բացարձակ անհիմն են եւ որեւէ եզր չունեն իրականության հետ»: Գառնիկ Իսագուլյանը չցանկացավ բացել փակագծերը եւ լույս սփռել հարցի վրա` եթե Ռոբերտ Քոչարյանն անմեղ է, ապա ովքե՞ր էին կրակելու հրաման տվողները: «Հարուցվել է քրեական գործ, դրա շրջանակներում աշխատանք է կատարվել եւ դեռ շարունակվում է: Թողնենք իրենց: Խորհրդարանում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը քննել է այդ բոլոր կարգի խնդիրները, եւ ես չեմ կարծում, որ հիմա ես դրանից ավելի ինչ-որ բան կարող եմ ասել: Հարցը անպայման պետք է ուսումնասիրվի, առկա բոլոր խնդիրներն իրենց պարզաբանումը պետք է ստանան, բայց ոչ երբեք էմոցիոնալ դաշտում»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ