Այս հակամարտությանը ռազմական լուծում չկա. Ուորլիքի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության գործընթացն առաջ տանելու, ներկայիս փակուղուց հնարավորինս շուտ դուրս գալու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: Բանակցությունների ընթացքը արտացոլում է այդ հանձնառությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը: -Պարո՛ն դեսպան, Քարնեգի հիմնադրամում մայիսի 7-ի Ձեր ելույթի ժամանակ դուք նշեցիք վեց տարրերի և սկզբունքների մասին , որոնք Մինսկի խմբի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքն են կազմում : Այս սկզբունքները նաև բանակցությունների սեղանին են : Ո՞ր սկզբունքների շուրջ է որ կողմերը` Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնության չեն գալիս: -Այս սկզբունքներն ու տարրերը հիմք են հանդիսանալու խաղաղության համաձայնագրի համար, սակայն մանրամասները հստակեցնելու ու բոլոր շահագրգիռ կողմերի կարիքները բավարարելու համար հետագա բանակցությունների անհրաժեշտություն է զգացվում: Ոչ մի բան դեռ վերջնական չէ, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել ամբողջական փաթեթի վերաբերյալ: Մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր է, որպեսզի քննարկվեն այս տարրերը ու համաձայնություն կայացվի բանակցություններ սկսելու վերաբերյալ, որը կհանգեցնի խաղաղ համաձայնագրի ստորագրմանը: -Դուք նաև նշել էիք, որ բանակցություն ների մեկնարկից հետո կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունը, այլ նաև ձեռնարկեն երկար սպասված և հույժ անհրաժեշտ անվտանգության համար վստահության ձևավորման միջոցներ: Ի՞ն չ միջոցներ նկատի ունեք: -Վերջին տարիներին շրջանառվել են մի շարք գաղափարներ սահմանին կամ շփման գծի երկայնքով լարվածություն թուլացնելու ու թափանցիկությունը մեծացնելու և միտումնավոր կամ պատահական սրացումների հավանականությունը նվազեցնելու վերաբերյալ: Կարևորն այն է, որ կողմերը այդպիսի միջոցների վերաբերյալ համաձայնության գան՝ լավագույնս հնարավորություն ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողության համար: -Ինչպե՞ս եք գնահատում ժողովրդական դիվանագիտության ջանքերը ադրբեջանցիների ու հայերի միջև շփումներ ապահովելու ուղղությամբ: -Վերջին տարիներին ժողովրդական դիվանագիտության մասով որոշակի լավ աշխատանք է տարվել, սակայն ավելին է անհրաժեշտ: Եթե մենք իրապես ձգտում ենք տևական կարգավորման, ապա պետք է մեծացնենք տարածաշրջանի ժողովուրդների մասնակցությունն ու նրանց միջև կապերը: -Ո՞րն է Ձեր դիրքորոշումը բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի` որպես երրորդ կողմ ի լիակատար մասնակցության վերաբերյալ: -Խաղաղության տևական համաձայնագրի մասով հաջողության հասնելու համար այն պետք է արտացոլի առնչվող բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք կանոնավոր այցելում ենք Լեռնային Ղարաբաղ՝ խորհրդակցելու դե-ֆակտո իշխանությունների հետ և կշարունակենք ապահովել, որ նրանց ձայնը լսելի լինի: -Ադրբեջանական զինուժի կողմից Հրադադարի ռեժիմ ի շարունակական խախտումների արդյունքում շարունակում են հայ զինվորներ ու քաղաքացիներ սպանվել: Մասամբ, դա պայմանավորված է նաև ադրբեջանական իշխանություն ների ռազմատենչ հայտարարություններով: Արդյո՞ք Մինսկի խմբի ձևաչափը Ադրբեջանի կառավարության վրա ճնշելու լծակներ չունի` ստիպելու վերջինիս վերջ տալ իր ռազմատենչ հռետորաբանությանը և առհասարակ լուծել հրադադարի փխրունության հարցը: Բոլորովին վերջերս միջադեպ տեղի ունեցավ Նախիջևան ի հետ սահմանին, որը կարծես նոր երևույթ է: -Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել նվազեցնել այն գործողություններն ու հռետորաբանությունը, որ կարող է լարվածություն ստեղծել և վնասել բանակցային գործընթացին, ինչպես նաև շփման գծին կամ միջազգային սահմաններին կատարվող բռնությունները: Այս հակամարտությանը ռազմական լուծում չկա և այս կարգի սադրանքները սոսկ դանդաղեցնում են առաջընթացը դեպի մեր ընդհանուր նպատակ, այն է` խաղաղ, կայուն կարգավորում, որը տարածաշրջանի ժողովուրդների համար կապահովի անվտանգություն ու բարեկեցություն, որին նրանք արժանի են: Հարցազրույցը ամբողջությամբ՝ այստեղ