«Սերժ Սարգսյանը թող կերպարանափոխվի ու շրջի գյուղերում»
Իշխանությունները երբեք չեն բավարարի ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի 12 կետանոց պահանջները, ինչի արդյունքում սեպտեմբերին Հայաստանում լուրջ ներքաղաքական իրադարձություններ տեղի կունենան։ Այս կարծիքին է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով՝ 12 պահանջներն իրենց մեջ ներառում են այն բոլոր առաջնային խնդիրները, որոնք մտահոգում են մեր հասարակությանը. «Այս առումով ես կարծում եմ, որ 4 կուսակցություններն այլևս հետքայլ չեն անելու, և իրենց բոլոր գործողություններն ուղղված են լինելու՝ խնդիրների լուծմանը, որոնք այսօր օրակարգային են և որոնց լուծումներ չտալը կարող է ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի վրա»։ Վերջնական հաղթանակի հասնելու համար Գառնիկ Իսագուլյանը գտնում է, որ քառյակը պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնի ամառային ամիսների ընթացքում. «Շատ կարևոր է. որ 12 կետանոց պահանջները կուսակցություններն իրազեկեն հասարակությանը, և նրանց ստորագրությունները նույնպես ներառեն այդ փաստաթղթի տակ»։ Իշխանությունները միայն գեղեցիկ հայրենասիրական խոսքերով են հանդես գալիս, սակայն Հայաստանում վիճակն իսկապես շատ ծանր է։ Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ Սերժ Սարգսյանը նույնպես չունի այն ազնվությունը, որ ասի դա. «Մենք ունենք Հովհաննես Թումանյանի «Թագավորն ու չարչին» ստեղծագործությունը, թող մի օր էլ Սերժ Սարգսյանը կերպարանափոխվի ու գնա առանց թիկնապահների, առանց որևիցե մեկի, շրջի գյուղերով, մտնի տները և տեսնի, թե մարդիկ իրականում ինչպես են ապրում ու ինչ են մտածում երկրի մասին»,- Սերժ Սարգսյանին առաջարկում է Գառնիկ Իսագուլյանը։