Հանրային խորհուրդը փաթեթ կներկայացնի Սերժ Սարգսյանին
Հանրային խորհուրդն իր եկեկվա նիստում քննարկել է քեսաբահայության խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀԽ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ՝ անդրադարձ եղավ երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին, դրանց փոփոխմանը, ինչպես նաև ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու խնդրին, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում: ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցերը քննարկվել են ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի համապատասխան ենթահանձնաժողովում, որի ներկայացուցիչները նաև մասնակցել են այդ հարցերի վերաբերյալ այլ կառույցների կողմից կազմակերպված տարբեր քննարկումների: ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանի կարծիքով՝ քաղաքացիների հաշիվների վրա արգելանք դնելը լուրջ խնդիր է իրավունքի տեսանկյունից, քանի որ օրենքով նախատեսված չէ արգելանք դնել ողջ հաշվի վրա, այլ մատնանշված է տուգանքի չափը: Նրա կարծիքով՝ կա համաչափության խնդիր, և պետք է հանրային ու մասնավոր շահը հավասարակշռված լինի: Մինչդեռ, այս դեպքում, հանրային շահը տուժում է՝ հանուն մասնավորի: Ըստ նրա, իրավական խնդիր է նաև այն, որ քաղաքացին, փաստորեն, հնարավորություն չունի իրեն վերաբերող խնդիրը դատական կարգով վիճարկել: Հնչեց տեսակետ, որ օրենքը, որով ԴԱՀԿ ծառայությունն իրականացնում է այդ գործընթացը, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին: Ինչ վերաբերում է «կարմիր գծերի» խնդրին, ՀԽ անդամները դեմ արտահայտվեցին ոլորտը շահեկան համամասնությամբ մասնավորին տրամադրելու իրողությանը՝ կարևորելով ոլորտում պետության կողմից հնարավորինս մեծ վերահսկողական գործառույթներ ունենալու անհրաժեշտությունը: ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց նաև այս հարցերում հասարակական ակտիվությունն ու քաղաքացիական շարժումների դերը, ինչը կարող է զսպիչ գործոն լինել: ՀԽ նախագահը խորհրդում ընդգրկված իրավաբաններին հանձնարարեց պատրաստել առաջարկների և դիտողությունների փաթեթ՝ առաջիկա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացնելու նպատակով: Վերջին շրջանում հանրությանը հուզող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը նույնպես ներառված էր ՀԽ օրակարգում: ՀԽ անդամ Արշակ Սադոյանը ներկայացրեց օրեր առաջ ՀԽ համապատասխան հանձնաժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքները՝ տեղեկացնելով, որ ՀԽ հանձնաժողովի առաջարկներն ուղարկվել են ՀԾԿՀ: Առաջարկներից մեկն էլ այն է, որպեսզի ՀԾԿՀ-ն իր վերջնական որոշման մեջ ամրագրի, որ սակագնի բարձրացումը ժամանակավոր է, քանի որ, ըստ ներկայացված հիմնավորումների, ծախսերի մի մասը, որի պատճառով տեղի է ունենալու թանկացումը, ժամանակի ընթացքում մարվելու է, հետևաբար, հնարավորություն է լինելու նաև սակագինը վերանայելու: ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ մասնակցել է Ազգային ժողովում հարցի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին և ներկայացրել է առաջարկներ, որոնցից մեկն էլ վերաբերում է «Երևան ՋԷԿ-ի» երկրորդ էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությանը: Ըստ Սաֆարյանի՝ դա հնարավորություն կտա Հայաստանում էապես նվազեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը: ՀԽ անդամները բարձրացրեցին նաև էներգետիկայի ոլորտում անկախ աուդիտի անցկացման անհրաժեշտությունը: Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվեց նաև ՀԽ հետագա գործունեության և ժամկետների փոփոխման վերաբերյալ հարցը, ըստ որի ՀԽ-ն նույն կազմով, բայց որոշակի հանձնաժողովների ընդլայնմամբ կշարունակի իր գործունեությունը, մինչև այն կամրագրվի ՀՀ Սահմանադրության մեջ: Հանրային խորհուրդ