«Ադրբեջանը պետք է Ռուսաստանին» (տեսանյութ)
«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցն Ադրբեջան և Ղարաբաղի մասին հայտարարությունները Ադրբեջանին Մաքսային Միությանն անդամակցելու հրավերի փորձ էր»,- այսօր հայտարարեց «Ռազմավարական մշակումների կենտրոնի» փորձագետ Աննա Բարսեղյանը։ Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս Ադրբեջան պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը նախկինում էլ ասել է, որ ինտեգրացիոն գործընթացներին մասնակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, նույնը տեղի կունենա նաև Եվրասիական տնտեսական միության դեպքում։ Սակայն փորձագետն Արցախի համար վտանգավոր ոչինչ չի տեսնում. «Արցախն ամեն դեպքում ինքնուրույն պետություն է և կախված չէ ռուսական գործոնից։ Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը , որ Արցախում չկա ռուս փոքրամասնություն և նա չի կարող ունենալ այն ազդեցությունը, որ ուներ Ղրիմում։ Արցախի ճակատագիրն այնտեղ ապրող հայ ժողովուրդն է որոշելու։ Միգուցե ազդեցություն ունի այնքանով, որ մեծ քանակությամբ զենք է վաճառում, բայց այն, որ Ադրբեջանին կհանձնվի Արցախը՝ ՄՄ-ին անդամակցելու համար՝ պարզապես աբսուրդ է »,- շարունակեց փորձագետը։ Լավրովի հայտարարությունը ոչ զայրացնում, ոչ զարմացնում է ասուլիսի մյուս բանախոս քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանին. «Իսկ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է հայտարարեր։ Սա վերջ տվեց բոլոր խոսակցություններին, նա ասաց, որ Ղարաբաղի հարցն առանձին է, և պետք չէ դա շահարկել։ Ես դրական եմ գնահատում այդ հայտարարությունը»։ Բանախոսները նաև անդրադարձան Ադրբեջանի Մաքսային Միության անդամակցությանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանը պետք է Ռուսաստանին. «Ադրբեջանը պետք ՌԴ –ին, որպեսզի Պուտինն իրագործի 2000 թվականից ծրագրած արտաքին քաղաքականությունը՝ դառնալ գերտերություն։ Այդ ճանապարհի համար կարևոր է ածխաջրածնային գործոնը, որպեսզի տիրապետություն հաստատի և տարածաշրջանում և արտասահմանում։ Այդ քայլով Եվրոպային հնարավորությունից կզրկի այլընտրանքային էներգետիկ ծրագրեր իրականացնելուց»,- ասաց Աննա Բարսեղյանը։