Կուտակայինի հարցում ԲՀԿ-ն դեռ կորոշի՝ ինչ անել
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` Կառավարության նոր նախագիծն ունի ընդամենը մեկ նպատակ` գործող օրենսդրությունը փոփոխել այնպես, որ համապատասխանի ՍԴ որոշմանը. այսօր հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Ո՞ւր կորավ այս դեպքում հասարակական շահը: Պարոն Հակոբյանի խոսքերով` հասարակության շահի սկզբունքը մի քիչ փոփոխվել է. «Եթե դուք նկատի ունեք փող վերցնելը հասարակությունից, դա հասարակության շահը չէ, ես էլ այստեղ հակառակ կարծիքն ունեմ, որ բարձր կենսաթոշակ տալը հասարակության շահն է»: Օրենքի նոր նախագծով կուտակային պարտադիր վճարը փոխարինվում է նպատակային սոցիալական վճարով: Կառավարությունն առաջարկում է նաեւ կուտակային պարտադիր բաղադրիչը կիրառել միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար այն կգործի 2017թ.-ից: Պարոն Հակոբյանը վստահեցնում է` դրա իրավունքն իրենք ունեն. «Ցանկացած պետություն որպես գործատու իր համակարգում իրավունք ունի առանձնացնել պետական աշխատողի սոցիալական կարգավիճակը»: Իսկ ինչու պետք է մասնավոր հատվածի` 1974թ. եւ հետո ծնված աշխատակիցների համար մինչեւ 2017թ. համակարգը լինի կամավոր. «Սա համբերության ժամկետ է` 3 տարի թողնում ենք, որպեսզի հասարակության հետ աշխատենք, մարդիկ ծանոթանան»: «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժմանը եւ ԱԺ ոչ իշխանական ուժերին չի բավարարում նոր նախագիծը: Քաղաքական 4 ուժերի ջանքերով թե երեկ, թե այսօր ԱԺ-ն դժվարանում էր քվորում ապահովել ու նիստ գումարել: Պատճառը` օրակարգում ներառված այն օրինագծերն էին, այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որոնց պատգամավորները ծանոթացել են ընդամենը նիստից առաջ: Այնուհանդերձ ընդդիմադիր ուժերը հասցրել են բազմաթիվ խնդրահարույց կետեր գտնել նախագծում։ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը պարզաբանում է. «Եթե պետական սեկտորից մեկն անցնում է մասնավոր, նա շարունակում է: Այսինք, մի անգամ սկսելով` նա շարունակում է մուծել, արդեն մասնավորում գտնվելը նրան չի ազատում մուծումներից»: Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զորաբյանի՝ «Սա իշխանության համար տակտիկա է ժողովրդին խաբելու: Բոլոր ճնշումները գործադրելու են, որպեսզի մասնավորից ավելի շատ մարդ մտնի այդ կուտակային համակարգի մեջ»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը զգուշացնում է՝ բոլոր այն հաստատություններում, որոնք ազդեցության տակ են, կամ որտեղ ՀՀԿ-ականներն ունեն բաժնեմաս, կատարվելու է նույն բանը. «Այդ մարդկանց ասելու են` դիմումներ չգրեք հրաժարվելու»: Ոչ իշխանական քառյակը Կառավարության նոր նախագծի վերաբերյալ իր միասնական դիրքորոշումը կհայտնի քննարկման ժամանակ։ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշում է. «Կամ պետք է քննարկմանը մասնակցենք ու ասենք մեր բացասական բաները ու քվեարկությանը չմասնակցենք, կամ տեսնենք` ինչ կանենք»: Իսկ Լեւոն Զուրաբյանը վստահեցնում է` հաշվի առնելով, որ ընդդիմության լծակները խորհրդարանական գործընթացների վրա մեծանում են, ապա իրատեսական է նաեւ, որ այս նախագիծը եւս կհաջողվի տապալել, ինչպես դա լինում է արտահերթ նիստերի դեպքում. «Մենք շարունակելու ենք մեր բոլոր լծակների օգտագործումը` սրանց խելքի բերելու նպատակով»: