Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը դռան դիմաց է, բայց հանուն Ադրբեջանի չեն թողնում ներս» (տեսանյութ)

Քաղաքականություն
blic

«Եթե ցանկանում են իշխանափոխություն անել, ապա այդ դեպքում գյուղմթերքների ետևից ինչո՞ւ են ընկել»,- այսօր խորհրդարանական ընդդիմության 12 կետերի մասին խոսելիս հարց բարձրացրեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։ Նա նաև ասաց, որ քառյակի բարձրացրած հարցերը խորհրդարանական 4 խմբակցությունների օրակարգում են, ուստի այնքան էլ պարտադիր չէ, որ «Ժառանգության» բոլոր անդամները կողմ լինեն այդ կետերին։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ ոչ իշխանական ուժերը պայքարի քաղաքակիրթ մեթոդ են ընտրել. «Այդուհանդերձ չպետք է ուլիտիմատումներով խոսեն։ Եթե ուզում են այդ կետերը իրագործել, հարկավոր է համագործակցել»,- ասաց նա։ Բանախոսներն այսօր անդրադարձան նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու խնդրին։ Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ. «Ակնհայտորեն, Հայաստանի անդամակցությունը կասեցվել է Ռուսաստանի կողմից, և փորձ է արվում ուղղակի Հայաստանին դրանում մեղադրել։ Ռուսաստանին պետք է, որ Ադրբեջանին նույն ձևով կտրի Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումից, ինչպես որ եղավ Հայաստանի պարագայում։ Հայաստանը հիմա դռան մոտ է կանգնած, նրան չեն ընդունում, որովհետև Ադրբեջանին կանչելու խնդիր կա»,- ընդգծեց քաղաքագետը՝ այդուհանդերձ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը մոտ ապագայում չի անդամակցի ԵՏՄ-ին. Արևմուտքի և Ռուսաստանի շահերն այստեղ չափից շատ են բախվում։ Լևոն Մարտիրոսյանը հակառակ կարծիքի է. «Ռուսաստանը շահագրգռված է Մաքսային միության մեր անդամակցությամբ։ Մեր նախագահի մակարդակով պաշտոնապես հնչեցվեց, որ երեք-չորս տեխնիկական հարցեր կան, դրանցից հետո մենք կստորագրենք։ Ադրբեջանն ինքը ԵՏՄ-ին անդամակցելու մասին չի խոսում, մենք ենք այստեղ քննարկում։ Ռուսներն են միայն խոսում, սակայն ոչ պաշտոնապես։ Ամեն դեպքում, հստակ կասեմ, որ մենք ցանկանում ենք ստորագրել պայմանագիրը»,- ասաց նա։