Ինչ է մտածում Պուտինի մասին աշխարհն ու իր ժողովուրդը
Ռուսաստանը վարում է անորոշ և ոչ ադեկվատ քաղաքականություն՝ գրում են արևմտյան լրատվամիջոցները։ Մինչ Մոսկվայում ռուսները հիանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շապիկներով, Ռուսաստանն՝ ի դեմս նախագահ Պուտինի, վարում է առավել վտանգավոր հակամարտություն, քան ուրկրաինական ճգնաժամն է, և այդ հակամարտությունը ներքին բնույթ է կրում։ Վերջին շրջանում արևմուտքը կենտրոնացել է արևելյան Ուկրաինայում Ռուաստանի ռազմական միջամտության վրա, սակայն Կրեմլն արդեն իսկ պատերազմ է վարում հենց երկրի ներսում. Forbes-ում հրապարակված հոդվածում հավաստիացնում է Լոնդոնի «The Henry Jackson Society» վերլուծական կենտրոնը։ «Այդ պատերազմը հանգեցնում է ավելի շատ մահերի և առավել մեծ ազդեցություն ունի ռուսական հասարակության և ներքին քաղաքականության վրա, քան ուկրաինական ճգնաժամը։ Խոսքը չեչենական հակամարտության մասին է։ 15 տարի տևող այս կոնֆլիկտը կայունության ոչ մի նշան ցույց չի տալիս դեռ»,- գրում է հոդվածագիրը։ Աղբյուրը նաև փոխանցում է, որ միայն 2014թ. վերջին 4 ամիսների ընթացքում այստեղ 110 մարդ է մահացել՝ ահաբեկչական հարձակումների արդյունքում։ «Իրականում Պուտինը չի վերահսկում և երբեք էլ չի վերահսկի Ռուսաստանն ամբողջությամբ»,- եզրահանգում է հոդվածագիրը։ Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են բռնակցում Ղրիմը, դե հիմա գնեք շապիկներ Մինչ շարունակում է ուժգնանալ չեչենական կոնֆլիկտը, և զուգահեռ խորանում է ուկրաինական ճգնաժամը, Վլադիմիր Պուտինը ռուսների համար մնում է ոչ միայն ամենահայտնի քաղաքական գործիչը, այլև՝ հիացմունքի խորհրդանիշ։ Գրում է The Guardian-ը` հավելելով, որ մի քանի օր է, ինչ Ռուսաստանի Կարմիր հրապարակում վաճառվում են Պուտինի պատկերով շապիկներ։ «Այս շապիկները բոլորի համար են՝ անկախ տարիքից»,- հաղորդում է պարբերականի թղթակիցը։ Դրանցից մեկի վրա կտեսնեք Պուտինին՝ ձեռքին կոկտեյլ և հետնամասում գրությամբ՝ «Բարևներ Ղրիմից»։ Մեկ այլ շապիկի վրա Ռուսաստանի նախագահը պատկերված է զինվորական կամուֆլյաժով՝ մակագրված. «Ամենակարևոր անձը»։ «Սա ցույց է տալիս, թե ինչքան ճկուն է մեր նախագահն ու երկիրը,- պարբերականին ասել է միանգամից մի քանի շապիկ գնած քաղաքացին,- նախկինում միայն խիստ պատկերներ էին, իսկ հիմա մենք ունենք ավելի զվարթ ղեկավար»։ Շապիկներից դեպի իրականություն Իհարկե, Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության մասին հնարավոր չէ խոսել, առանց խոշորացույցի տակ առնելու ուկրաինական ճգնաժամը։ Այստեղ է, որ արևմտյան լրատվամիջոցների համոզմամբ՝ Ռուսաստանը վարում է անորոշ քաղաքականություն։ Այդ անորոշության հերթական ցուցադրությունը եղավ ժամեր անց, երբ Կրեմլի մամուլի քարտուղարությունը Պյոտր Պորոշենկոյին համարեց Ուկրաինայի նախագահ։ Մինչ այդ Պորոշենկոյի իշխանությունը խոստովանող ոչ մի պաշտոնական հաղորդագրություն Մոսկվան չէր տարածել։ Հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Չնայած այս ամենի՝ Ուկրաինայի հարավ-արևելքում կռիվները չեն դադարում։ Այս պահին ուկրաինական ուժերը ծանր մարտերի մեջ են Մարիոպոլի շրջանում։ Հաղորդում է Unian-ը։ «Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ Ուկրաինայի նորանշանակ նախագահը պատրաստ է բանակցություններ անցկացնել երկրի արևելյան շրջաններում գործող ընդդիմախոսների հետ այն դեպքում, եթե ռուսաստանամետ անջատողականները համաձայնվեն վայր դնել զենքը: