Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Զուրաբյանի 5-րդ սենսացիոն եզրահանգումը (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Zurabyan1

Նախորդ Կառավարության սխալների 5 եզրահանգում ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա այսօր ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումներին իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ փորձելու է գնահատել արդեն ընկած Կառավարության հաշվետվությունը. «Ընկածների մասին հայերենում շատ արտահայտություններ կան` ընկածին չեն խփում, դանակավորներն են շատանում: Սակայն մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվի, այլ կներկայացնենք ցուցանիշները»: Ըստ նրա` իրականում 2013թ. որեւէ տնտեսական աճ գոյություն չունի, թեեւ այդքան խոսում էին. «Իսկ ստվերից դուրս գալու մասին խոսակցություններն ավելորդ են: Ասվում է, որ բյուջեի եկամտային մասն ավելացել է: Միգուցե սա հենց հարկային տեռորի արդյունքում է ձեռք բերվել, երբ փակվեցին հազարավոր ձեռնարկություններ»: Լեւոն Զուրաբյանի արձանագրումներից սենսացիոն, ըստ նրա, 5-րդն է. «Դա այն հանելուկն է, որ տարբեր առիթներով ասել եմ` 189 մլրդ դրամի խնդիրն է: 2013թ. ավարտին պարզվել է, որ ԿԲ-ի հաշվեկշռին մնացել է այդքան գումար: Մեր հարցադրումներից պարզ դարձավ, որ 75 մլրդ-ը Կառավարությանն էր, իսկ մնացածը համայնքներինն էր: Եթե այդքան գումար չի ծախսվել 2013թ. ընթացքում, դա արդեն լուրջ է: Մենք թիկունքը բաց երկիր ենք, որը հասել է պարտքի սահմանին»: Ըստ նրա` շինարարության համար պլանավորված էր 148 մլրդ դրամ, սակայն 73 մլրդ-ը չի ծախսվել, մինչդեռ զրո կատարում է եղել «Որոտան» ՀԷԿ-ի հարցում. «Ուզում եմ հասկանալ` այդ ծախսերը իշխանությունները չեն կատարել, որովհետեւ ընթացքում որոշել են այն վաճառե՞լ: Այդ դեպքում պետք է դա բերվեր ԱԺ ու համաձայնեցնեիք մեզ հետ, քանի որ այդ գումարը կարելի էր ծախսել շատ ուղղություններով: Դրանով հարվածել եք ՀՆԱ-ին, հարկահավաքությանը, տնտեսական աճին: Այդ գումարը ուղղեիք սոցիալական ուղղություններին, գիտություն զարգացնեինք, լավ, գոնե չմտնեիք նոր պարտքերի մեջ, բայց, չէ, ամբողջ աշխարհով ընկած նոր պարտքեր ենք ման գալիս»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ելույթում հայտարարեց, որ զերծ կմնա իրականության հետ կապ չունեցող դիտարկումներից, ինչպես հնչեցին նախորդ ելույթներում: Նա մասնավորապես հայտարարեց, որ 2013թ. տնտեսության աճի դանդաղման վրա ազդեցին էլեկտրաէներգիայի ու գազի թանկացումները: Իսկ դրական միտումներն, ըստ նրա, ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ տեմպերն էին: